TRIPP-ը Վրաստանով անցնող երթուղիներին մրցակից չէ․ Կոբախիձե – armeniatoday.am

Վրաստանը «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծը չի դիտարկում որպես երկրի տարածքով անցնող երթուղիների մրցակից, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Մենք չենք կարծում, որ TRIPP երթուղին կամ որևէ այլ երթուղի կարող է էական խնդիր ստեղծել Վրաստանով անցնող ավանդական երթուղիների համար»,- Կոբախիձեի խոսքերը մեջբերել է Sputnik Грузия-ն։

Նա հավելել է, որ TRIPP-ը ոչ թե մրցակից է, այլ գործող երթուղիների լրացում։ Նրա խոսքով՝ 2020 թվականից Միջին միջանցքով բեռնափոխադրումների ծավալն աճել է 7 անգամ, ինչի պատճառով երթուղիների դիվերսիֆիկացման օբյեկտիվ անհրաժեշտություն կա։

Կոբախիձեն անդրադարձել է նաև Անակլիայի նավահանգստի նախագծին՝ նշելով, որ դրա նկատմամբ մեծ հետաքրքրությունը վկայում է Վրաստանով անցնող երթուղու պահանջարկի մասին։

Վրաստանի վարչապետը նաև հայտարարել է, որ Թբիլիսին մտադիր է շարունակել Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման և սահմանագծման աշխատանքները։

«Մենք բարեկամական հարաբերություններ ունենք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ։ Երկու երկրի հետ էլ անհրաժեշտ է իրականացնել սահմանազատում և սահմանագծում, և այդ ուղղությամբ աշխատանքը կշարունակվի լիովին բարեկամական ձևաչափով»,- ասել է Կոբախիձեն Imedi հեռուստաալիքին տված հարցազրույցում։

TRIPP նախագծի ստեղծման մասին հայտարարվել էր 2025-ի օգոստոսին Վաշինգտոնում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքներով։ Փաշինյանն ու Ալիևը ստորագրել էին համատեղ հռչակագիր, որը նախատեսում է Հայաստանի տարածքով Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ կապող երթուղու ստեղծում։

TRIPP նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրն ստորագրվել էր 2026-ի հունիսին՝ հեռավար ձևաչափով։ Համաձայնագիրը նախատեսում է TRIPP Development Company-ի ստեղծում, որի 74%-ը կպատկանի ամերիկյան կողմին, 26%-ը՝ Հայաստանին։ Ընկերությունը ենթակառուցվածքների զարգացման իրավունք կստանա 49 տարով՝ ևս 50 տարով երկարաձգելու հնարավորությամբ, իսկ Հայաստանի մասնաբաժինը հետագայում կհասնի 49%-ի։

Leave a Comment