Եգիպտոսի Գիզայի նահանգում երիտասարդ տղամարդը նկատել է, որ բազմաբնակարան շենքի երկրորդ հարկից երեխան ընկնում է, և առանց վարանելու նետվել է նրան փրկելու։ Տղամարդու արագ արձագանքի շնորհիվ հաջողվել է կանխել ողբերգությունը։
Տեսախցիկի արձանագրած և համացանցում տարածված կադրերում երևում է, որ երեխայի անկումը որոշ ժամանակ դանդաղեցրել է պատշգամբից կախված լվացքի պարանը։ Տղամարդը, հասկանալով, որ երեխան կարող է ցանկացած պահի գետնին հայտնվել, անմիջապես վազել է նրա ուղղությամբ և կարողացել բռնել նրան։
Երեխային գրկած՝ երիտասարդը մի քանի քայլ հեռացել է դեպքի վայրից, ապա հենվել փողոցում գտնվող ներքնակին՝ ակնհայտորեն ուժերը վերականգնելու և կատարվածը գիտակցելու համար։
Դեպքի տեսանյութը արագ տարածվել է համացանցում։ Սոցիալական ցանցերի օգտատերերն ու տեղական լրատվամիջոցները բարձր են գնահատել երիտասարդի քայլը՝ նրան անվանելով հերոս։
Երիտասարդը ծնողներին կոչ է արել առավել զգոն լինել՝ հորդորելով մշտապես հետևել երեխաներին և նրանց առանց հսկողության չթողնել պատշգամբներում կամ պատուհանների մոտ։ Նա հատկապես զգուշացրել է պատշգամբների և պատուհանների հարակից տարածքներում աթոռների կամ այլ կահույքի առկայության վտանգի մասին։
Երիտասարդը նաև երեխաներին կոչ է արել չփորձել կրկնօրինակել ֆիլմերի սուպերհերոսներին, որոնք կարող են թռչել կամ բարձրությունից ցատկել։
