ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանից առաջ ԱԺ «Հայաստան» խմբակցության Լիլիթ Գալստյանը հրատապ մարդասիրական դիմում-նամակով դիմել է կառույցին՝ պահանջելով Բաքու մարդասիրական այց կազմակերպել։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Նա նաև պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնելու Բաքու:
Պատգամավորը հավելել է, որ առաքելությունն ամբողջությամբ համահունչ է խաղաղության համագործակցությունը խրախուսող, հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված, ռազմագերիների և այլ պահվող անձանց վիճակի և իրավունքների նկատմամբ ԵԱՀԿ ԽՎ պաշտպանական սկզբունքներին»;
«Ձեզ եմ դիմում որպես ԵԱՀԿ ԽՎ–ում ՀՀ պատվիրակության անդամ և ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ հրատապ մարդասիրական դիմումով։
Արդեն երրորդ տարին է, ինչ Ադրբեջանում, փակ դռների ետևում տեղի են ունենում հայ ռազմագերիների և այլ հայազգի կալանավորված անձանց դատավարությունները։ Նրանց ընտանիքները զրկված են իրենց հարազատներին այցելելու հնարավորությունից։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով ստացված հատվածական տեղեկատվությունն, ինչպես նաև ընտանիքների հետ սահմանփակ հեռախոսազրույցները լուրջ մտահոգություններ են առաջացնում Ադրբեջանում պահվող հայ պատանդառված անձանց ֆիզիկական և հոգեբանական վիճակի վերաբերյալ։
Այս ամբողջ ժամանակահատվածում որևէ միջազգային մարդասիրական այց չի թույլատրվել։ Արդեն մեկ տարի է կալանավորված անձանց մոտ արգելված է նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի այցը։ Ողջ ընթացքում հայ ռազմագերիներին և պատանդներին այցելելու հնարավորություն չի ունեցել նաև միջազգային որևէ դիտորդական մարմին կամ երրորդ չեզոք կողմ։
Այս իրավիճակն անմիջականորեն առնչվում է ԵԱՀԿ խորհրդարանական կառույցի՝ մարդու իրավունքների, մարդկային արժանապատվության և մարդասիրական սկզբունքների պաշտպանությանն ուղղված կանոնադրական պարտավորություններին։
Այս առնչությամբ ցանկանում եմ առանձնահատուկ ուշադրություն հրավիրել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 2025 թ․ Պորտոյի հռչակագրի 208-րդ և 209-րդ կետերի վրա, որոնցով կոչ է արվում ԵԱՀԿ ԽՎ-ին մշակել ազատությունից զրկված անձանց դեպքերի դիտարկման և դրանց վերաբերյալ բարձրաձայնման շրջանակ, այդ թվում՝ նրանց պաշտոնական այցելությունների և նրանց վիճակի ստուգման, ինչպես նաև նրանց իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերի միջոցով։
209-րդ կետը մասնավորապես կոչ է անում ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունից տուժած բոլոր անձանց իրավունքների պաշտպանությունը և ընդգծում է ռազմագերիների և այլ կալանավորված անձանց նկատմամբ արդար և մարդասիրական վերաբերմունքի անհրաժեշտությունը՝ միջազգային մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին համապատասխան»,-ասվում է դիմումի մեջ:
Գալստյանը հավելել է, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատգամավորներից կազմված մարդասիրական այցը Բաքու կարող է դառնալ այս հանձնառությունների կոնկրետ և նշանակալի դրսևորումը։
«Ըստ այդմ, խնդրում եմ աջակցել և նպաստել նման այցի կազմակերպմանը՝ հայ կալանավորված անձանց հետ հանդիպելու և նրանց հումանիտար ու մարդու իրավունքների իրավիճակը գնահատելու նպատակով։
Պատրաստ եմ նաև անձամբ և մենակ մեկնել Բաքու:
Չափազանց կարևոր է ընդգծել, որ սա քաղաքական նախաձեռնություն չէ, այլ մարդասիրական քայլ, որը կարող է վստահության ձևավորման և իրական խաղաղության գործընթացի ուղղությամբ կարևոր ու կոնկրետ քայլ դիտարկվել։
Հետևաբար, խնդրում եմ, որ այցը կազմակերպվի որպես Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների անվտանգության ապահովման հրատապ անհրաժեշտություն։
Միաժամանակ ակնկալում եմ Ձեր անձնական ներգրավվածությունն ու աջակցությունը՝ առաքելության անդամների համար անվտանգ մուտքի, անվտանգության ապահովման և վերադարձի անհրաժեշտ երաշխիքների ձեռքբերման գործում»,-ասվում է դիմումի մեջ:
Պաշտոնական տվյալներով Բաքվի բանտերում 19 հայ գերի է պահվում, որոնցից 16-ի մասով կա դատավճիռ՝ նրանք դատապարտվել են ցմահ կամ տևական ազատազրկման: