Կոտայքի մարզում պարեկների «կանգառ» ազդանշանին չենթարկված «Հյունդայի» մակնիշի մեքենայից կրակոցներ են արձակվել, ինչի հետևանքով երկու պարեկ վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, հայտնել է Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ)։
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ին՝ ժամը 1։35-ի սահմաններում։ Նախնական տվյալներով՝ ծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։ Նշվում է նաև, վիրավորված պարեկներից մեկը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել բժշկական կենտրոնից։
ՆԳՆ-ից հավելել են, որ պարեկների ազդանշանին չենթարկվելու և հրազեն գործի դնելու մեջ կասկածվող 2 անձ է ձերբակալվել՝ վարորդը և ուղևորը, հայտնաբերվել է նաև «Հյունդայի» մեքենան։ Ըստ նախնական տվյալների՝ մեքենայում գտնված վարորդն ու ուղևորը Կոտայքի մարզի բնակիչներ են և դեպքի ժամանակ ոչ սթափ վիճակում էին։
ՆԳՆ-ից տեղեկացրել են, որ «կանգառ» ազդանշանին չենթարկվելու, այնուհետ մեքենայից հրազենով կրակոցներ արձակելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։
