Իրանական ուժերը ստիպել են ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերին նահանջել և հեռանալ երկրի ափերից մոտ 1000 կմ հեռավորության վրա, «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչ, դեր-ծովակալ Ալի Ֆադավին։
«Ամերիկացիները փախան և նահանջեցին մեր սահմաններից ավելի քան 1000 կմ հեռավորության վրա։ Դա նրանց ընտրությունը չէր. դա տեղի ունեցավ Իսլամական Հանրապետության հզորության և ԻՀՊԿ ցամաքային ուժերի ուժի շնորհիվ»,- ասել է Ֆադավին Press TV-ին տված տված հարցազրույցում։
Նա նշել է, որ առաջին անգամ Պարսից ծոցում, Հորմուզի նեղուցում, Օմանի ծոցում կամ նույնիսկ Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում ԱՄՆ-ի ոչ մի նավ չի մնացել։ Ֆադավիի խոսքով՝ ամերիկյան ռազմական նավերը «100%-ով խոցելի են» ԻՀՊԿ-ի հրթիռային հարվածների դիմաց։
Ծովակալի հայտարարությունը հնչում է ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից իրանական նավահանգիստների խիստ ծովային շրջափակման շարունակվող գործընթացի ֆոնին։ Անցյալ շաբաթ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր, որ հուլիսից ի վեր կասեցրել է իրանական նավահանգիստներ մտնելու կամ դրանք լքելու փորձ կատարող 125 առևտրային նավի ընթացքը։
Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտնել էր, որ Վաշինգտոնը տարածաշրջան է ուղարկում երրորդ ավիակիրը և 9000 զինծառայող։
ԻՀՊԿ-ն ավելի վաղ արդեն զգուշացրել էր Իրանի դեմ նոր հարձակումների դեպքում հակամարտության աշխարհագրության հնարավոր ընդլայնման մասին։ Կորպուսի ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբբին հայտարարել էր, որ Թեհրանը կարող է կիրառել այլ սպառազինություն ու ռազմական մարտավարություն, ինչպես նաև ընդլայնել թիրախների ցանկը։
