Կողմերը վերադարձել են Իսլամաբադի փաստաթղթին՝ վիճելով կետերի հաջորդականության շուրջ. Գանտահարյան

Կողմերը վերադարձել են Իսլամաբադի փաստաթղթին՝ վիճելով կետերի հաջորդականության շուրջ. Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։

– ԱՄՆ-Իրան բանակցությունները կարծես թե ձախողվեցին. կողմերը, թեև միջնորդների միջոցով բանակցություններին, չեն կարողացել համաձայնության գալ։ Ըստ ձեզ, ինչն է պատճառը, ինչու չեն կարող նրանք ընդհանուր լեզու գտնել։

– Բանակցությունները առերևույթ փակուղային վիճակում են։ Կարծում եմ, սակայն, լուսարձակներից հեռու, միջնորդավորված գուցե, շարունակվում են։ Հայտարարությունները նկատի ունենալով՝ կողմերը վերադարձել են Իսլամաբադի փաստաթղթին։ Խնդիրը այդ կետերի առաջնահերթության ճշտումն է։ Թե ով կանի առաջին զիջումը, հետո կճշտվի երկրորդը, և այսպես շարունակ։ ԱՄՆ-ը սպառնալով աշխատում է առաջին զիջումները ստանալ Թեհրանից։ Թեհրանն էլ, գիտակցելով, որ նոյեմբերից առաջ ԱՄՆ-ը շտապում է ինչ-որ պայմանավորվածության հանգել և վառելիքի գների կտրուկ անկում ապահովել, դրա համար էլ չի շտապում զիջել։

– Սակայն ԱՄՆ նախագահը պնդում էր, որ Իրանի դեմ պատերազմը իրենց մոտ ընտրություններից հետո կավարտվի։ Կարծում եք՝ այդպես կլինի, թե ոչ։

– Կարծում եմ, որ Թրամփի համար անհրաժեշտ է ընտրություններից առաջ բեկումնային իրավիճակ ստեղծել, հատկապես վառելիքի գների կամ հրադադարի առումով։ Այս հայտարարությունն իր մեջ ունի թե՛ ընտրարշավային և թե՛ շանտաժային բաղադրիչներ։ Ավարտելը կարող է ենթադրել նաև ռազմական առումով։ Սա ուղերձ է Իրանին գնալու համաձայնության։ Իսկ ներքին լսարանի համար, որ եթե մինչև ընտրությունները չկայացավ պայմանավորվածությունը, ապա դրանից հետո կլինի։ Խառն ուղերձ է պարփակում այս հայտարարությունը։

– Ըստ ձեզ, ինչու ԱՄՆ-ը ավելի քան 20-ամյա ներկայությունից հետո դուրս եկավ Իրաքից։

– Այս քայլը ևս կարող է առնչվել նոյեմբերյան ընտրությունների հետ։ Թրամփի «Նախ Ամերիկա» կարգախոսի շրջանակներում տեղավորվում է այս քայլը։ Տնտեսական բեռնաթափում է ներառում ուժերի հեռացումը։ Ռազմաքաղաքական առումով սա չի նշանակում ազդեցության չեզոքացում։ ԱՄՆ-ը աշխարհագրական տարբեր միջավայրերում ևս, առանց ռազմական առկայության, վերահսկում է էներգետիկ և բնական ռեսուրսներ։

– Սա ինչ հետևանքներ կունենա տարածաշրջանում, մասնավորապես, ԱՄՆ-ը արդյոք որևէ կերպ կշարունակի իր ներկայությունն այս տարածաշրջանում, հատկապես Մերձավոր Արևելքում։

– Անպայման․ որոշ տեղեր՝ ուղղակի, այլ տեղեր՝ միջնորդավորված։ ԱՄՆ-ը կշարունակի Միջին Արևելքում ընթացող ռազմաքաղաքական խաղերի գլխավոր մրցավարի իր դերը պահպանել։

– Ի դեպ, Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևն է ասել, որ իրենք ցանկանում էին Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան։ Ի՞նչ է սա նշանակում, և ըստ ձեզ, ՌԴ-ն ինչպես կարձագանքի։

– Սա խոսում է Հարավային Կովկասում անվտանգային-տնտեսական նոր ճարտարապետության մասին։ Բաքուն իրազեկ է Մոսկվա-Անկարա պայմանավորվածություններին և, ըստ այնմ, խաղադրույքներ է ճշտում։ Սա ոչ միայն Մոսկվայի հարաբերակցությամբ պետք է դիտարկել, այլ նաև Իրանի։

– Կհաջողվի արդյոք սա, թե ոչ։

– ԱՄՆ-ը արդեն տարբեր ոլորտներում առկա է տարածաշրջանում․ դա խորանալու է առաջադրված նոր նախագծերով։ «Վերադարձը» անպայման չի ենթադրում ռազմական առկայություն։

Արման Գալոյան

Leave a Comment