Բրազիլիայում նախագահական ընտրությունների ելքը որոշվելու է երկրորդ փուլում. հայտարարել է երկրի Բարձրագույն ընտրական դատարանը: Երկրորդ փուլ են անցնում գործող նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան և Ֆլավիու Բոլսոնարուն:
Քվեաթերթիկների գրեթե ամբողջական հաշվարկից հետո նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարույի որդին շուրջ երկու տոկոսային կետով առաջ է անցնում Լուլայից:
Ընտրություններին ընդհանուր առմամբ մասնակցում էր 12 թեկնածու: Առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ էր հավաքել ձայների առնվազն 50%-ը, ինչը չի հաջողվել հավակնորդներից և ոչ մեկին: Երկրորդ փուլը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին:
Բրազիլական էլեկտրոնային քվեարկության համակարգը մի քանի ժամում մշակել է քվեաթերթիկների բացարձակ մեծամասնությունը: Քվեաթերթիկների 98.64%-ի մշակումից հետո Ֆլավիու Բոլսոնարուն հավաքում էր ձայների 47.27%-ը, իսկ Լուլան՝ 44.88%-ը:
Լուլան արդյունքն անվանել է անսպասելի: «Խոստովանում եմ, որ համոզված էի, թե հաղթանակ կտանեմ առաջին փուլում: Խաղը նոր է սկսվում: Մենք լրացուցիչ ժամանակ ունենք, և այս լրացուցիչ ժամանակահատվածում մեր կողմը կգրավենք բրազիլացի ժողովրդին», — ասել է նա:
Բոլսոնարուն, իր հերթին, հայտարարել է, որ շատ գոհ է արդյունքից: «Շատ գոհ եմ իրական հնարավորությունից, որ երեք շաբաթ անց Բրազիլիան կստանա վերջնական պատասխանը՝ իր համար ընտրելով ժամանակակից կառավարություն», — քաղաքական գործչի խոսքերն է մեջբերում AFP-ն:
Նախորդ ընտրությունների ժամանակ՝ չորս տարի առաջ, Լուլան չնչին առավելությամբ հաղթել էր Ժաիր Բոլսոնարույին:
Դրանից հետո պարտված նախագահի հազարավոր կողմնակիցներ գրոհել էին Բրազիլիայի խորհրդարանը, որից հետո Բոլսոնարուն մեղավոր էր ճանաչվել պետական հեղաշրջման փորձի մեջ և դատապարտվել 27 տարվա ազատազրկման:
