Երուսաղեմում 9-ամյա հայ տղայի վրա պղպեղային սփրեյով հարձակման մեջ կասկածվողին բաց են թողել չորս օրով տնային կալանքի տակ՝ արգելելով նրան մոտենալ երեխային, հայտնել է Երուսաղեմի Հայկական թաղամասի փրկության շարժման անդամ Գեղամ Բալյանը։
Հարձակումը տեղի է ունեցել Յոմ Կիպուրին՝ հուդայականության ամենասուրբ օրը, Մամիլլա առևտրի կենտրոնի մոտ։
Ուիլյամ անունով տղան հեծանիվ էր քշում և երաժշտություն լսում, երբ տղամարդը պահանջել է անջատել այն։ Այն բանից հետո, երբ երեխան նրան պատասխանել է անգլերեն, տղամարդը պղպեղային սփրեյը ցողել է նրա դեմքին։
Իսրայելի ոստիկանության տվյալներով՝ կասկածյալը 22 տարեկան է և բնակվում է Երուսաղեմի մերձակայքում գտնվող Գանեյ Մոդիին ուլտրաուղղափառ բնակավայրում։
Ոստիկանությունը սկզբում փակել էր գործը, սակայն լրատվամիջոցների հրապարակումներից հետո վերսկսել է քննությունը և սեպտեմբերի 27-ին ձերբակալել տղամարդուն։
«Եթե հայը հարձակվեր հրեա տղայի վրա, Բեն-Գվիրն արդեն նրան բանտ նստեցրած կլիներ»,- հայտարարել է Բալյանը՝ նկատի ունենալով Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրին։
Հարձակումից հետո Ուիլյամը պատմել է, որ վախենում է դուրս գալ տնից։ Տղայի խոսքով՝ այժմ ամեն անգամ փողոց դուրս գալիս նա հեծանվորդի սաղավարտ է դնում։
Հարցազրույցի ընթացքում երեխան այն չի հանել անգամ տանը։
«Մտածում էի, որ կմեռնեմ»,- պատմել է Ուիլյամը։
Իսրայելական 13-րդ ալիքի լրագրող Յոսի Էլիի տվյալներով՝ սա արդեն երկրորդ հարձակումն էր տղայի վրա․ առաջին անգամ կողքին եղել է հայրը, որը պաշտպանել է նրան։
Բալյանը, որն անձամբ ծանոթ է տղային և նրա ընտանիքին, կատարվածն անվանել է մոլեռանդ ատելության դրսևորում, որին, նրա գնահատմամբ, նպաստում է Իսրայելի կառավարության քաղաքականությունը։
Նա հույս է հայտնել, որ հարձակման քննությունը կհանգեցնի արդար դատաքննության։
Հարձակումը տեղի է ունեցել Երուսաղեմի Հայկական թաղամասում հայ համայնքի և կրոնական հաստատությունների դեմ վերջին ամիսներին արձանագրված այլ միջադեպերի ֆոնին։
