Գարեգին Բ-ն Սպիտակ տան հավատքի հարցերով խորհրդականի հետ քննարկել է կրոնի դերը

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Փոլա Ուայթ-Քեյնին, հայտնել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Ուայթ-Քեյնը Հայաստանում է «Աղոթքի նախաճաշին» մասնակցելու նպատակով։ Նա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է պատարագի, որից հետո հանդիպել Ամենայն հայոց կաթողիկոսի հետ։

Հանդիպման ընթացքում Գարեգին Բ-ն ողջունել է հյուրի այցը Հայաստան՝ նշելով, որ դա լավ հնարավորություն է ծանոթանալու այն երկրին, որն առաջինն է քրիստոնեությունն ընդունել որպես պետական կրոն, ինչպես նաև հայ ժողովրդին և նրա հարուստ հոգևոր ու մշակութային ժառանգությանը։

Կաթողիկոսը նաև գոհունակություն է հայտնել Ուայթ-Քեյնի ջանքերի առնչությամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Միացյալ Նահանգների հայ հոգևոր առաջնորդների հանդիպման կազմակերպման հարցում։

Հաղորդագրության համաձայն՝ կողմերն ընդգծել են կրոնի և հոգևոր արժեքների կարևոր դերը ժողովուրդների համար անվտանգ, բարեկեցիկ և առաջընթաց կյանք կառուցելու գործում։ Նրանք նաև կարևորել են հոգևոր առաջնորդների համատեղ ջանքերը՝ հանուն աշխարհի ժողովուրդների խաղաղության և լուսավոր ապագայի։

Իր հերթին Ուայթ-Քեյնը կիսվել է պատարագից ստացած իր տպավորություններով և անդրադարձել Հայաստանի հարուստ քրիստոնեական ժառանգությանը՝ որպես հայ ժողովրդի հավատքի կենդանի վկայության, ասվում է հաղորդագրության մեջ։

Հայաստան կատարած այցի շրջանակում Ուայթ-Քեյնը ավելի վաղ հանդիպել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Վարչապետի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Փաշինյանը, մասնավորապես, ընդգծել էր Սպիտակ տան Հավատի հարցերի գրասենյակի հետ ձևավորված երկխոսության կարևորությունը և ողջունել Թրամփի հանդիպումը ԱՄՆ հայ հոգևոր առաջնորդների հետ։

Իր հերթին Ուայթ-Քեյնը նշել էր, որ հետաքրքրված է ինչպես Հայաստանի կառավարության, այնպես էլ հայկական համայնքների հետ սերտ համագործակցությամբ։

Leave a Comment