Սեպտեմբերի վերջից Եվրոպայի քարտեզի վրա հասունանում է ռազմաքաղաքական ճգնաժամի նոր օջախ՝ Կալինինգրադը։ Բալթիկ ծովի ափին, Ռուսաստանից կտրված, բայց հրթիռներով ու ռազմական ենթակառուցվածքներով գերհագեցած, ՆԱՏՕ-ի տարածքով շրջապատված ՌԴ այս էքսկլավի շուրջ լարվածությունն այնքան է աճել, որ Մոսկվան կրկին շրջանառության մեջ է դնում միջուկային զենքի կիրառման սպառնալիքը։
Լարվածությունը նոր աստիճանի հասավ սեպտեմբերի 30-ին, երբ Մոսկվան ՆԱՏՕ-ին փոխանցեց ոչ պաշտոնական դիվանագիտական փաստաթուղթ։ Դրա հիման վրա Ռուսաստանը պնդում է, որ տեղեկություններ ունի ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինուժի կողմից Կալինինգրադը ցամաքից և ծովից մեկուսացնելու հնարավոր նախապատրաստությունների մասին, և զգուշացնում է, որ նման քայլը կդիտարկի որպես ագրեսիա, որին կարող է պատասխանել իր տրամադրության տակ եղած ամբողջ զինանոցով՝ ընդհուպ միջուկային զենքով։ Հաջորդ օրը Վլադիմիր Պուտինը կրկին հիշեցրեց, որ Ռուսաստանի տարածքի վրա հարձակման դեպքում Մոսկվան պատրաստ է կիրառել «բոլոր միջոցները»։
ՆԱՏՕ-ն, սակայն, հերքում է Կալինինգրադի շրջափակման որևէ ծրագիր և իր գործողությունները ներկայացնում որպես պաշտպանական։ Դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, արձագանքելով Մոսկվայի կոշտ խոսույթին ու մեղադրանքներին, հայտարարել է, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի իր անտեղի սպառնալիքներից՝ նշելով, որ նման արձագանքի պատճառը Ուկրաինայում պատերազմի՝ Պուտինի ուզած ձևով չընթանալն է և այն հանգամանքը, որ Մոսկվան պարզապես ուզում է պառակտել ալյանսը։
Երկկողմանի վախերի պարույրը
Դիվանագիտական ու տեղեկատվական այս փոխհրաձգությունը վկայում է պարադոքսալ մի իրավիճակի մասին։ Ուկրաինական պատերազմից հետո ՆԱՏՕ-ի արևելյան թևը հետևողականորեն ամրացվում է։ Լեհաստանը Ռուսաստանի և Բելառուսի սահմանների երկայնքով կառուցում է «Արևելյան վահանը», Լիտվան մեծացնում է պաշտպանական պատրաստվածությունը, իսկ Կալինինգրադի ու Բելառուսի միջև ընկած Սուվալկիի նեղ հատվածը, որը Բալթյան երկրները ՆԱՏՕ-ի մնացած տարածքին կապող ցամաքային ուղին է, դարձել է զորավարժությունների ու ռազմական պլանավորման առանցքային կետերից մեկը։ Սեպտեմբերի վերջին Լիտվայում փորձարկվեցին նաև ճգնաժամային մոբիլիզացիայի և բնակչության տարհանման մեխանիզմներ, իսկ Լեհաստանն ու Լիտվան մշակում են անհրաժեշտության դեպքում մարդկանց Սուվալկիով դեպի Լեհաստան տեղափոխելու համակարգ։
Արևմուտքում այս ամենը ներկայացվում է որպես պաշտպանություն ռուսական հնարավոր գործողություններից։ Մոսկվայից, սակայն, նույն իրավիճակն այլ լույսի ներքո են տեսնում․ ՆԱՏՕ-ն Կալինինգրադի շուրջ սեղմում է ռազմական օղակը՝ ստեղծելով այս մարզը «խեղդելու» նախադրյալներ։ Դրանով են նաև պայմանավորված Կալինինգրադը ռազմական ուժեղ պլացդարմի վերածելու Մոսկվայի վերջին շրջանի գործողությունները։
Փաստացի՝ Ուկրաինայի պատերազմից հետո Եվրոպան Ռուսաստանին դիտարկում է որպես երկարաժամկետ սպառնալիք և ամրացնում արևելյան սահմանները։ Մոսկվան նույն քայլերի մեջ տեսնում է Կալինինգրադը մեկուսացնելու և անհրաժեշտ պահին ճնշելու հնարավորության ստեղծում ու պատասխանում ավելի կոշտ հռետորաբանությամբ՝ ընդհուպ միջուկային զսպման հիշեցմամբ։ Իսկ որքան կոշտ է ռուսական պատասխանը, այնքան Եվրոպայում ավելի հիմնավոր է թվում այն վախը, որի պատճառով սկսվել է ռազմական պատրաստվածության ուժեղացումը։
Արդյունքում՝ երկու կողմերն էլ իրենց քայլերը համարում են պաշտպանական, բայց հակառակ կողմի պաշտպանությունն արդեն ընկալում են որպես հնարավոր հարձակման նախապատրաստություն։ Այս կերպ ձևավորվում է հակամարտության զարգացման մի յուրօրինակ, վտանգավոր պարույր։ Վերջինս, սակայն, Մոսկվայի համար միայն վտանգ չէ։
Ռուսաստանի ռազմավարական օգուտը
Կալինինգրադի շուրջ տագնապը նաև աշխատում է Ռուսաստանի օգտին՝ մի քանի ուղղությամբ․
Զսպել առանց կրակելու։ Միջուկային զենքի հիշեցումը կտրուկ բարձրացնում է ցանկացած գործողության գինը։ Նույնիսկ եթե Մոսկվան այն կիրառելու մտադրություն չունի, հակառակ կողմը ստիպված է իր հաշվարկներում ներառել այդ հնարավորությունը։ Իսկ երբ սխալի գինը միջուկային էսկալացիան է, շատ ավելի դժվար է ռիսկային քայլի գնալ։
Եվրոպայի ուժերն ու ուշադրությունը տեղափոխել սեփական սահմաններին ու անվտանգությանը և ստիպել «լքել» Ուկրաինայի թիկունքը։ Որքան իրական է թվում ռուսական սպառնալիքը Բալթիկում, այնքան ավելի շատ գումար, զինուժ և պաշտպանական կարողություններ են պահանջում Լեհաստանն ու Բալթյան երկրները։ ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրները ստիպված են ռեսուրսների զգալի մասը կենտրոնացնել իրենց վրա՝ Ուկրաինային տրամադրելու փոխարեն։
Արտաքին վտանգը դարձնել ներքին համախմբման գործիք։ Երկար պատերազմի, տնտեսական դժվարությունների և հասարակական հոգնածության պայմաններում արտաքին թշնամու կողմից ներխուժման սպառնալիքի միֆի ստեղծումը թույլ է տալիս Ռուսաստանի ներսում թարմացնել «պաշարված ամրոցի» ներհասարակական ընկալումը։ Այդպիսի Ռուսաստանը ոչ թե ագրեսորի, այլ արտաքին կոլեկտիվ ագրեսիայի դեմ մարտնչող պետության մոբիլիզացնող իմիջ է ձեռք բերում․ պարզ մանիպուլյացիա։
Բարձրացնել Ուկրաինայի շուրջ բանակցությունների խաղադրույքը։ Եթե պատերազմի շարունակությունը սկսում է ընդգրկել նաև Ռուսաստան–ՆԱՏՕ հնարավոր բախման վտանգը, դրա գինը Եվրոպայի համար աճում է։ Ռուսական հարձակման պատրանքային սպառնալիքը կարող է Մոսկվային լրացուցիչ լծակ տալ՝ ուկրաինական ապագա բանակցություններին ընդառաջ, ավելի լայն էսկալացիայից խուսափելու դիմաց, ակնկալելու ավելի զիջողական կեցվածք իր ուկրաինական պայմանների հանդեպ։
Այս հաշվարկներում Ռուսաստանին պարտադիր չէ երկրորդ ճակատ բացել Բալթիկում․ բավական է, որ Եվրոպան հավատա, որ ինքը կարող է այն բացել։
Ռուսական ասիմետրիկ սպառնալիքների թակարդը
Իրական վտանգը Եվրոպա ռուսական տանկերի լայնածավալ ներխուժումը կամ կոնվենցիոնալ պատերազմը չէ։ Ուկրաինական ճահճում թաղված լինելու, փլուզման եզրին գտնվող տնտեսություն ունենալու պայմաններում դա գրեթե անիրատեսական է։ Շատ ավելի վտանգավոր կարող է լինել փոքր էսկալացիան։
Սուվալկիի շրջանում սահմանային միջադեպ, ռուսական և ՆԱՏՕ-ական ինքնաթիռների կամ նավերի ինչ-որ բախում, կարևոր ենթակառուցվածքի վնասում, դիվերսիա կամ անորոշ ծագմամբ հիբրիդային գործողություն․․․ և ՆԱՏՕ-ն շատ բարդ ընտրության առաջ կկանգնի․ կիրառե՞լ Կանոնադրության 5-րդ հոդվածը (անդամներից մեկի դեմ հարձակումը հարձակում է բոլորի դեմ), թե՞ ոչ։
Սա թակարդ է․ եթե ՆԱՏՕ-ն սահմանափակ միջադեպին թույլ արձագանքի, կասկածի տակ է դնելու 5-րդ հոդվածի զսպող ուժը և այն կիրառելու դաշինքի կամքը։ Հակառակը՝ կոշտ պատասխան տալու դեպքում ՆԱՏՕ-ն կարող է բախվել ներքին հակասությունների պատին՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետ ավելի գործակցային դիրքերից հանդես գալու վերաբերյալ ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկրների՝ Հունգարիայի, Սլովակիայի, Թուրքիայի, Հունաստանի, Բուլղարիայի վերապահումները։ Այսինքն՝ փոքր էսկալացիաներով Ռուսաստանը մի կողմից կարող է փորձարկել՝ որքանով է դաշինքն ունակ գործարկելու 5-րդ հոդվածը, մյուս կողմից՝ հենց այդ հողի վրա միացնել ՆԱՏՕ-ի ներքին քայքայման «շարժիչը»։
Այս իմաստով՝ Կալինինգրադի շուրջ կատարվողը դժվար է տեղավորել «պարանոյայի» կամ միայն իրական պատերազմի նախապատրաստության շրջանակում։ Վտանգը հենց դրանց սահմանագծին է։ Բալթիկում խաղաղությունը սկսել է ավելի շատ կախված լինել փոխադարձ վախերից, ինչպես Սառը պատերազմի դեպքում էր։ Իսկ նյարդերի պատերազմում անգամ մեկ կայծը կարող է անկանխատեսելի, պայթյունային և անվերահսկելի զարգացումների դետոնատորի դեր կատարել։
Գոռ Աբրահամյան
