Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի Նախագահական խորհրդի նախագահ Ռաշադ ալ-Ալիմին հայտարարել է շիական «Անսար Ալլահ» շարժման հութիների դեմ լայնածավալ ռազմական գործողության մեկնարկի մասին, հաղորդում է Reuters-ը։
«Այսօր հայտարարում եմ ռազմական գործողությունների մեկնարկի մասին՝ հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած տարածքները վերադարձնելու և պետական իշխանությունն ու պետական կառույցների գործունեությունը երկրի ողջ տարածքում վերականգնելու նպատակով», — նրա խոսքերը մեջբերում է գործակալությունը։
Ալ-Ալիմին հայտնել է, որ զինված ուժերին, անվտանգության ծառայություններին և մյուս ռազմական ստորաբաժանումներին հրահանգել է սկսել իրենց առաջադրված խնդիրների կատարումը՝ հաստատված ծրագրերի համաձայն։
Ավելի վաղ գործակալությունը, վկայակոչելով աղբյուրներին, հայտնել էր, որ Սաուդյան Արաբիան և նրա եմենական դաշնակիցները ծրագրում են հութիների դեմ ռազմական գործողություն սկսել։ Ըստ այդ տեղեկությունների՝ սաուդյան ուժերը պետք է իրականացնեն օդային, իսկ եմենական ուժերը՝ ցամաքային գործողություններ։
Ալ-Ալիմին ավելի վաղ կոչ էր արել համընդհանուր զորահավաք հայտարարել և քաղաքացիներին միանալ երկրի զինված ուժերին՝ հութիների առաջխաղացման ֆոնին։ Կոչը հնչել է հութիների և կառավարական ուժերի միջև ռազմական գործողությունների ակտիվացման, ինչպես նաև շարժման և Սաուդյան Արաբիայի միջև փոխադարձ հարվածների ֆոնին։
