Հայաստանից մրգի և բանջարեղենի արտահանումը մեկ տարում ավելի քան չորս անգամ նվազել է։
Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) մայիսի 22-ից փուլ առ փուլ սահմանափակել էր հայկական ծաղիկների, մրգի և բանջարեղենի, իսկ հունիսից՝ գրեթե ողջ բուսական արտադրանքի ներմուծումը։
Սահմանափակումներ կան նաև ձկան, կաթնամթերքի, հանքային ջրի և ալկոհոլի որոշ խմբաքանակների նկատմամբ։ Ռուսական կողմը դա բացատրում է անվտանգության խախտումներով, իսկ մի շարք փորձագետներ սահմանափակումներում քաղաքական ենթատեքստ են տեսնում։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տվյալներով՝ անցած տարվա հունիսին Հայաստանից արտահանվել էր շուրջ 30 հազար տոննա միրգ և բանջարեղեն, այս տարի՝ ընդամենը 6600 տոննա։ Ամենաշատը նվազել է ծիրանի արտահանումը՝ 24 հազարից մինչև 3 հազար տոննա։
Armenia Today-ը Երևանի բնակիչներից հետաքրքրվել է՝ վստահում են արդյո՞ք տեղական մթերքի որակին և անվտանգությանը, և նկատե՞լ են գների նվազում։
Հարցմանը մասնակցածների մեծ մասն ասում է, որ գները ոչ միայն չեն իջել, այլև այս տարի ավելի բարձր են։
«Ահավոր ձևի թանկացել է, ոչ միայն բանջարեղենը, այլև կաթնամթերքը։ Պիտի ավելի լավ լիներ, բայց այս տարի շատ ավելի թանկ է»,- ասում է հարցման մասնակցածներից մեկը։
Մեկ այլ հարցվող դժգոհել է տեղական մրգի և բանջարեղենի որակից։
«Պոմիդորը շատ վատ որակ ունի, կտրում ես՝ սպիտակ է։ Այս տարի ավելի թանկ է, իսկ արտահանում էլ չկա»,- նշել է քաղաքացին
Հարցվածներից մեկի խոսքով՝ որակը տուժում է նաև այն պատճառով, որ գյուղացին մնացել է առանց աջակցության։ «Գյուղացին՝ արտադրող մարդը, այսօր սնանկացել է, ապրանքը տանում թափում է»,- ասել է նա։
Նրա կարծիքով՝ արտահանման խնդիրը քաղաքական է, իսկ Եվրոպա ինքնաթիռով տանելու դեպքում միրգը շատ թանկ կարժենա։
Հարցման մասնակցածներից մեկը գներից չի բողոքում։
«Ինչքան էլ թանկանա՝ նորմալ է»,- ասել է նա։ Սակայն նա խոստովանել է, որ վստահությունը նվազել է այն բանից հետո, երբ կրպակներում մրգերի վրա միջատասպան էին փչել։ «Մարդ վախենում է»,- ասել է հարցվողը։
Սեպտեմբերին Երևանի խանութներից մեկում վաճառվող մրգերի վրա միջատասպան էին փչել, և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգման արդյունքում հայտնաբերել էր դրա մնացորդները։
