Իսպանիայում վարձավճարների դեմ զանգվածային ակցիաներ և բախումներ են – armeniatoday.am

Մադրիդում հոկտեմբերի 3-ին տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են բնակարանային քաղաքականության դեմ բողոքի ակցիային, որոնք ուղեկցվել են բախումներով, հայտնում է El País-ը։

Բողոքի ալիքն սկսվել է այն բանից հետո, երբ խորհրդարանը մերժել է կառավարության երկու հրամանագիր, որոնցով նախատեսում էին սահմանափակել վարձավճարների աճը, ուժեղացնել խոցելի վարձակալների պաշտպանությունը վտարումից և հեշտացնել վարձակալության պայմանագրերի երկարաձգումը։ 

Իսպանիայում ցուցարարները պահանջում են սահմանափակել վարձավճարների աճը և պաշտպանել այն մարդկանց, որոնք պայմանագրերի ավարտի կամ այլ պատճառներով կարող են զրկվել վարձակալած բնակարանից։

Երկրի կառավարության տվյալներով՝ մայրաքաղաքում հավաքվել է 70 հազար մարդ, մինչդեռ կազմակերպիչ «Վարձակալների միությունը» հայտարարել է շուրջ 500 հազար մասնակցի մասին։ Բողոքի ակցիաներ են անցկացվել Իսպանիայի շուրջ 50 քաղաքում։ 

Մադրիդում ցուցարարները մի քանի շարասյուներով շարժվել են դեպի Սիբելես հրապարակ՝ բողոքելով վարձակալության գների աճի, անշարժ գույք գնող խոշոր ներդրումային հիմնադրամների գործունեության և բնակարանների վարձակալությունից շահույթ ստանալու դեմ։ Կազմակերպիչները հայտարարել են, որ մտադիր են շարունակել բողոքի ակցիաները։

Ավելի ուշ Մադրիդի կենտրոնում բախումներ են տեղի ունեցել։ Առանձին ակցիա անցկացնող ծայրահեղ աջ ակտիվիստները փորձել են շարժվել դեպի Պուերտա դել Սոլ հրապարակում ցուցարարների վրանային ճամբարը։ Ոստիկանությունը նրանց դեմ ռետինե փամփուշտներ է կիրառել, երեք մարդու ձերբակալել են։

Նշվում է, որ Վալենսիայում փողոց է դուրս եկել ավելի քան 6 հազար մարդ։ Այնտեղ ևս բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ․ հինգ մարդ ձերբակալվել է, ինը ոստիկան՝ վնասվածքներ ստացել։

Իսպանիայում բնակարանային խնդրի շուրջ բողոքները ակտիվացել էին հատկապես սեպտեմբերի 23-ին՝ Մադրիդում 87-ամյա Մարիա դել Կարմեն Աբասկալին վարձակալած բնակարանից վտարելուց հետո, որտեղ նա ապրել էր ավելի քան 70 տարի։ Վտարման օրը հարյուրավոր մարդիկ փորձել էին խոչընդոտել դատարանի որոշման կատարմանը։ Մի քանի օր անց առնվազն 11 քաղաքներում անցկացվել էին «Այլևս ոչ մի Մարիա դել Կարմեն» կարգախոսով ակցիաներ։ 

Leave a Comment