Ազգային ժողովի (ԱԺ) պատգամավոր Լիլիթ Գալստյանը դիմել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովին (ԵԱՀԿ ԽՎ)՝ առաջարկելով մարդասիրական այց կազմակերպել Բաքու՝ այնտեղ պահվող հայ գերիներին այցելելու համար։ Այս մասին հայտնել է Գալստյանը։
Նա պատրաստակամություն է հայտնել նաև անձամբ և միայնակ մեկնել Բաքու։
Գալստյանը սեպտեմբերի 30-ին հրատապ մարդասիրական դիմում-նամակ է ուղարկել ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պերե Խոան Պոնս Սամպիետրոյին, գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլային, Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լուիս Միգել դա Գրասա Նունեսին և Ժողովրդավարության, մարդու իրավունքների և մարդասիրական հարցերի հանձնաժողովի զեկուցող Մպանզու Բամենգային։
Նամակում Գալստյանը նշել է, որ Ադրբեջանում պահվող հայերի ընտանիքները զրկված են իրենց հարազատներին այցելելու հնարավորությունից, իսկ նրանց ֆիզիկական և հոգեբանական վիճակի վերաբերյալ ստացվող տեղեկությունները սահմանափակ են։
Նրա խոսքով՝ այս ընթացքում միջազգային մարդասիրական այց չի կազմակերպվել, իսկ շուրջ մեկ տարի Ադրբեջանում պահվող հայերին չի այցելել նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ)։
Գալստյանը հղում է արել ԵԱՀԿ ԽՎ 2025 թվականի Պորտոյի հռչակագրի 208-րդ և 209-րդ կետերին։ Նրա ներկայացմամբ՝ դրանցով առաջարկվում է ազատությունից զրկված անձանց դեպքերի դիտարկման և դրանց վերաբերյալ բարձրաձայնման մեխանիզմ մշակել, այդ թվում՝ պաշտոնական այցելությունների միջոցով, ինչպես նաև ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունից տուժած անձանց իրավունքների պաշտպանությունը։
«Կարծում եմ, որ ԵԱՀԿ ԽՎ պատգամավորներից կազմված մարդասիրական այցը Բաքու կարող է դառնալ այս հանձնառությունների կոնկրետ և նշանակալի դրսևորումը»,- գրել է նա։
Պատգամավորը ԵԱՀԿ ԽՎ-ին խնդրել է աջակցել Բաքու նման այցի կազմակերպմանը՝ հայ կալանավորված անձանց հետ հանդիպելու և նրանց մարդասիրական ու մարդու իրավունքների վիճակը գնահատելու նպատակով։
Նրա խոսքով՝ նախաձեռնությունը քաղաքական չէ, այլ մարդասիրական քայլ, որը կարող է նպաստել վստահության ձևավորմանը։ Գալստյանը ԵԱՀԿ ԽՎ ղեկավարությունից ակնկալել է նաև առաքելության անդամների անվտանգ մուտքի, անվտանգության ապահովման և վերադարձի համար անհրաժեշտ երաշխիքների ձեռքբերմանն աջակցություն։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում է պահվել 19 հայ գերի։ Նրանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները, որոնց Բաքվի դատարանը դատապարտել էր 20 տարվա կամ ցմահ ազատազրկման։
Բաքվում ապօրինի կալանքի տակ գտնվող Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, Բաքվում պահվող հայերին այցելելու հումանիտար նախաձեռնությանն աջակցելու համար հուլիսին դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև միջազգային կառույցների ներկայացուցիչներին։ Մինչև օրս նրա նախաձեռնությունը դեռ կյանքի չի կոչվել։
Կարդացեք նաև՝
«Հետևեք ձեր օրենքներին»․ Ռուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի ՄԻՊ-ին
