Մերցն այցելել է Կիև. ռուսական օդուժը հարվածել է քաղաքի Հյուսիսային կամրջին

Կիև կատարած այցի ընթացքում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ այցելել է մի քանի վայր. գրում է  Reuters-ը։

Մերցը նախ այցելել է Կիևի Անկախության հրապարակում գտնվող ժամանակավոր հուշարձան, որը կանգնեցվել է զոհված ուկրաինացի զինծառայողների հիշատակին։ Մերցը և Զելենսկին հարգանքի տուրք են մատուցել  զոհվածների հիշատակին։

Այնուհետև նրանք այցելել են Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի վարչական շենք, որը վնասվել էր ռուսական անօդաչու թռչող սարքերի վերջին հարձակումների հետևանքով:

Նշենք, որ Գերմանիայի կանցլերը Կիև է ժամանել այսօր առավոտյան, գնացքով: Կայարանում նրան դիմավորել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան: Մերցին ուղեկցել են Գերմանիայի տնտեսական և էներգետիկայի նախարար Քեթրին Ռայխեն, ինչպես նաև գերմանական ընկերությունների ներկայացուցիչներ:

Այցը տեղի է ունեցել Կիևի վրա Ռուսաստանի կողմից հարձակումների ուժգնացման ֆոնին։ Մերցի՝ Կիև ժամանելուց հետո մի քանի անգամ հնչել են օդային հարձակման ազդանշաններ, լսվել են  պայթյուններ, Կիևի Հյուսիսային կամուրջը ենթարկվել է ռուսական ԱԹՍ-ների հարձակման։

Leave a Comment