Երբ զինված անձը հայտնվում է բնակավայրի մոտ, բնակիչը կարող է առաջինը նկատել վտանգը և ահազանգել իրավապահներին։ Դրա համար նա պետք է ժամանակին տեղեկացված լինի։ Բնակիչը պետք է նախապես իմանա վտանգի մասին։ Պետք է հստակ իմանա՝ ում են որոնում, ինչ վտանգից պետք է զգուշանա, ինչ անել կասկածելի հետքի կամ շարժի դեպքում, ում անմիջապես դիմել և ինչպես պաշտպանել ընտանիքի անդամներին, հատկապես երեխաներին։ Ժամանակին ստացված նախազգուշացումը կարող էր կանխել Շաքիի ընտանիքի մուտքը վտանգավոր տարածք։ Կոտրված ապակին կամ վնասված դուռը նկատելիս ընտանիքը կարող էր տուն չմտնել և անմիջապես ահազանգել իրավապահներին։ Այդ մի քանի րոպեն կարող էր վճռորոշ լինել։ Պետական հաղորդակցության իմաստը հենց սա է՝ վտանգի մասին տեղեկությունը հասցնել մարդուն այնքան արագ, որ այն դառնա գործողության։
Սահմանամերձ բնակչությանը վտանգի մասին չտեղեկացնելը ինքնին անվտանգության խնդիր է։ «Խուճապ չտարածելու» պատճառաբանությունը այստեղ համոզիչ չէ։ Վտանգի մասին կարելի է խոսել հանգիստ, հստակ և առանց ավելորդ վախ սերմանելու։ Բայց այդ վտանգը բնակչից թաքցնելը կարող է նրան զրկել ճիշտ արձագանքելու հնարավորությունից։ Սահմանամերձ բնակավայրում ժամանակին արված նախազգուշացումը կարող է պաշտպանել մարդկանց կյանքն ու առողջությունը։
Հայաստանի սահմանային անվտանգության պայմաններում վտանգը կարող է շատ արագ տեղափոխվել դիրքերից բնակավայրեր և հասնել մարդկանց տներին։ Սահմանամերձ բնակիչը կարող է առաջինը նկատել կասկածելի շարժը, օտար մարդու ներկայությունը կամ վտանգի որևէ նշան և այդ մասին անմիջապես ահազանգել իրավապահներին։ Բնակիչը նախապես պետք է իմանա՝ նման իրավիճակում ինչպես վարվել։
Այստեղ ռազմավարական հաղորդակցությունը դառնում է անվտանգության գործիք։ Այն միայն հանրությանը տեղեկացնելու մասին չէ։ Պետությունը պետք է վտանգի մասին արագ, հստակ և նույն բովանդակությամբ տեղեկացնի մարդկանց, տա պարզ գործողությունների ուղեցույց և ապահովի արագ կապի հնարավորություն։ Պետական համակարգը պետք է կարողանա ժամերի ու նույնիսկ րոպեների ընթացքում ազդանշանը հասցնել սահմանամերձ համայնք։ Բնակիչը պետք է նախապես իմանա վտանգի մասին և հստակ պատկերացնի իր անելիքը։ Այդ գիտելիքը պետք է հասնի նաև ընտանիքին և երեխաներին՝ պարզ ու հասկանալի ձևով։ Սա պետական անվտանգության համակարգի և քաղաքացու միջև վստահության հարց է։
Ժամանակին ստացած տեղեկությունը քաղաքացուն հնարավորություն է տալիս վտանգը ճանաչել և ճիշտ գործել։ Երբ վտանգի մասին տեղեկությունը չի հասնում բնակչին, քաղաքացին զրկվում է ժամանակին արձագանքելու հնարավորությունից, իսկ վտանգը հասնում է անմիջապես նրա տուն։ Շաքիի դեպքը հենց այս խնդրի մասին է։
Պետք է պարզել ոչ միայն, թե ինչպես է ադրբեջանցի զինծառայողը հասել Շաքի, այլև երբ է նրա ներկայությունը հայտնաբերվել, ինչ տեղեկություն է այդ պահին ունեցել պետական համակարգը, ինչ ճանապարհով է այն հասել բնակիչներին և ինչու անհրաժեշտ նախազգուշացումը ժամանակին չի հասել համայնքին։ Այս հարցերի պատասխանը կարող է շատ ավելի կարևոր լինել ապագայում նման դեպքերի կանխարգելման համար, քան հերթական պաշտոնական մեկնաբանությունը։
Հայաստանի սահմանային անվտանգությունը պետք է հասնի նաև բնակչին։ Պաշտպանության համակարգը չի ավարտվում դիրքում կանգնած զինծառայողով։ Դրա մեջ մտնում են նաև սահմանամերձ բնակիչը, համայնքի արագ արձագանքը, ոստիկանության հետ կապը և վտանգի մասին ժամանակին տրված պետական հաղորդագրությունը։ Անվտանգության շղթայի ցանկացած օղակի ուշացումը կարող է թանկ արժենալ։ Շաքիի դեպքը դա ցույց տվեց։
Սահմանամերձ բնակչությանը ժամանակին զգուշացնելը պետության պարտականությունն է։ Ավելի լավ է մարդը վտանգի մասին իմանա մի քանի րոպե շուտ և զգուշանա, քան այդ տեղեկությունը ստանա արդեն վտանգի պահին։ Պետության ուժը նաև իր քաղաքացիներին ժամանակին զգուշացնելու կարողության մեջ է։ Շաքիի դեպքը այդ կարողության լուրջ փորձություն է։
Կարդացել են
32 անգամ