Նիկոլ Փաշինյանն դպրոցական նոր ավտոբուսով այցելել է Լուսաձոր նորակառույց դպրոց։
«Դպրոցական նոր ավտոբուսը Ակնաղբյուրի երեխաներին կտանի դպրոց և կբերի հետ՝ իրենց գյուղ։ Սա մեր կրթական բարեփոխումների կարևոր ուղղություններից մեկն է, որովհետև մենք կարծում ենք, որ պետք է ձևավորվի կրթական ամբողջական միջավայր՝ նոր և որակյալ ֆիզիկական ու բովանդակային ենթակառուցվածքներով», – ասել է Փաշինյանը։
Փաշինյանը նշել է, որ Ակնաղբյուրի և Լուսաձորի միջև հեռավորությունը մոտ 5 կիլոմետր է, իսկ ճանապարհը, նախնական հաշվարկով, պետք է տևի մոտ 10 րոպե։
«Ակնաղբյուրի դպրոցում սովորում է 36 երեխա՝ 25 ընտանիքից։ Դպրոցում աշխատում է 15 ուսուցիչ, որոնցից 10-ը բնակավայրից են, 5-ը՝ ոչ։ Այսինքն՝ 5 ուսուցիչ այսպես թե այնպես ուրիշ տեղից էր գալիս»,– նշել է նա։
Փաշինյանի փոխանցմամբ՝ Ակնաղբյուրի դպրոցում գործում է նաև նախակրթարան, որտեղ հաճախում է 6 երեխա, իսկ գյուղում նախադպրոցական տարիքի ընդհանուր առմամբ 18 երեխա կա։
Լուսաձորի կրթահամալիրում, ըստ Փաշինյանի, նախատեսված է մանկապարտեզի և նախակրթարանի համար նախատեսված չորս խմբասենյակ՝ ընդհանուր 80 երեխայի համար։ Կրթահամալիրում կարող է կազմակերպվել 96 դպրոցականի և 58 նախադպրոցական տարիքի երեխաների կրթությունը։
Նրա խոսքով՝ կրթահամալիրի վերակազմակերպումից հետո սովորողների թիվը կավելանա շուրջ 15-ով։
