Իսպանիայում զանգվածային բողոքի ակցիաներ են՝ բնակարանների թանկ վարձակալության դեմ

Իսպանիայում զանգվածային բողոքի ակցիաներ են՝ բնակարանների թանկ վարձակալության դեմ

Իսպանիայի ավելի քան 50 քաղաքներում զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվել բնակարանների վարձակալության բարձր գների և բնակարանների պակասի դեմ։ Մադրիդում իշխանությունների տվյալներով՝ փողոց է դուրս եկել շուրջ 70 հազար մարդ, մինչդեռ ակցիաների կազմակերպիչները մասնակիցների թիվը գնահատել են 500 հազարի սահմաններում։

Ցուցարարները պահանջում են զգալիորեն նվազեցնել վարձակալության գները, սահմանել անժամկետ վարձակալության պայմանագրեր և որոշ դեպքերում բնակարաններ վերցնել ներդրողներից։ Բողոքի ակցիաների գլխավոր կարգախոսներից մեկը «Դեպի համազգային գործադուլն» է։ Մադրիդի Վարձակալների միությունից հայտնել են, որ գործադուլը կարող է սկսվել առաջիկայում, սակայն դրա հստակ ամսաթիվը դեռ հայտնի չէ։

Բողոքի նոր ալիքի պատճառներից մեկը 87-ամյա Մարիա դել Կարմեն Աբասկալի վտարումն է։ Նա իր բնակարանում ապրել է ավելի քան 70 տարի։ Տունը ներդրումային հիմնադրամի կողմից ձեռք բերելուց հետո վարձավճարը նախատեսվում էր բարձրացնել ամսական 500-ից մինչև 2650 եվրո, այնուհետև այն սահմանվել է 1650 եվրո՝ մոտ 300 եվրոյով ավելի, քան կնոջ կենսաթոշակը։ Սեպտեմբերի 23-ին նրան վտարել էին բնակարանից, սակայն բողոքի ակցիաներից հետո թույլատրել են վերադառնալ։

Ցուցարարները պահանջում են նաև վերանայել կառավարության բնակարանային քաղաքականությունը։ Քննարկված առաջարկների թվում են վարձավճարների աճի սահմանափակումը, վարձակալության պայմանագրերի երկարաձգումը և ներդրումային հիմնադրամների գործունեության նկատմամբ սահմանափակումները։ Սակայն այդ նախաձեռնություններին ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասը դեմ է քվեարկել։

Իրավիճակը լարվել է նաև Վալենսիայում, որտեղ բողոքի ակցիան վերածվել է ոստիկանության հետ բախումների։ Ցուցարարները ճեղքել են անշարժ գույքի ոլորտի համաժողովի տարածքը շրջափակող արգելապատնեշները։ Ոստիկանությունը կիրառել է ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ։ Տուժածների վերաբերյալ տեղեկություններ դեռ չեն հաղորդվել։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment