Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հոկտեմբերի 4-ի առավոտյան չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիև։ Վերջին մեկ տարվա ընթացքում սա Մերցի առաջին այցն է Ուկրաինա։
Կանցլերին ուղեկցում են Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Կատարինա Ռայխեն և պաշտպանության ու էներգետիկայի ոլորտները ներկայացնող տասը գործարար։
Այցի ընթացքում Մերցը նախատեսում է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Գերմանիայի կանցլերը պատրաստվում է վերահաստատել Բեռլինի աջակցությունը Կիևին։ Գերմանական dpa-ն և Reuters-ը, հղում անելով կառավարական շրջանակների աղբյուրներին, հայտնում են, որ Մերցը Կիևում կարող է հայտարարել Ուկրաինային տրամադրվող նոր օգնության փաթեթի մասին։
Փաթեթի ընդհանուր բաղադրիչների թվում նշվում են՝
- շուրջ 1 միլիարդ եվրոյի սպառազինություն,
- 350 միլիոն եվրո՝ Ուկրաինայի էներգետիկ համակարգի վերականգնման համար,
- անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրություն Գերմանիայում և Ուկրաինայում,
- ավելի քան 1000 կմ հեռահարությամբ զենքի համատեղ մշակում և արտադրություն։
Առանձին ուշադրություն է դարձվում Quantum ընկերության անօդաչու սարքերի արտադրության արագացմանը։ Ըստ հաղորդումների՝ այդ համակարգերն արդեն անցել են փորձարկումներ և նախատեսված են, մասնավորապես, ռեակտիվ անօդաչու սարքերի դեմ պայքարի համար։
