«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր Ռուբեն

Խաչը վեր է խոյանում եկեղեցու գմբեթին, որպեսզի նրա խորհուրդն իջնի մեր կյանք։ Իսկ ո՞րն է խաչի խորհուրդը։ Խաչափայտի վրա Քրիստոսի մահը ձախողում չէր՝ հետո հարության հրաշքով շտկված։ Խաչի խորագույն խորհուրդն այն է, որ Քրիստոսի մահն ինքնին սիրո հաղթանակն էր, և հարությունը բացահայտեց այն, ինչ արդեն նվաճվել էր խաչի վրա։ Այդ հաղթանակի մասին է ավետում խաչված Փրկչի վերջին խոսքը․ «Ամեն ինչ ավարտված է» (Հովհ. ԺԹ 30)։ Սա հուսահատության ճիչ չէր, հաղթանակի կանչ էր։ Հաղթում է այն սերը, որ մինչև վերջ գնաց, իրագործվում է այն զոհաբերությունը, որին տառապանքն ի վիճակի չեղավ կանգնեցնելու, փառավորվում է այն հավատարմությունը, որին ատելությունն իր ողջ զորությամբ չկարողացավ կոտրել։ Գողգոթայի վրա խավար ուժերը Քրիստոսին մատնեցին չարչարանքի և մահվան, բայց ի զորու չեղան փոխելու նրա սերը։ Ահա՛ խաչի հաղթանակը՝ սեր մահվան պես հզոր, որ հրաշափառ հարությամբ ավետում է կյանքի հաղթանակը մահվան դեմ։

Մենք այսօր օծեցինք նորակառույց եկեղեցու խաչը՝ որպես Քրիստոսի փրկագործ սիրո տեսանելի վկայություն։ Սակայն Խաչը միայն եկեղեցու գմբեթը պսակող նշան չէ․ այն կոչ է՝ մեր կյանքը խաչի խորհուրդով ապրելու, սիրելու այնպես, ինչպես Քրիստոս սիրեց մեզ, և քայլելու նրա մատնանշած ճանապարհով՝ հավատարմությամբ, արդարությամբ և ճշմարտությամբ։ Խաչը ձև չէ, որ պարզապես կրում ենք, խաչը բովանդակություն է, որով ապրում ենք։ Քրիստոսի խաչը մեզ ասում է՝ մի՛ վախեցիր սիրելուց, նույնիսկ երբ սերը տառապանք է պահանջում, մի՛ նահանջիր բարությունից, նույնիսկ երբ չարությունը թվում է զորեղ, մի՛ սակարկիր արդարությունը, նույնիսկ երբ պայքար է ենթադրում, քանի որ Գողգոթան արդեն տվել է վերջնական պատասխանը․ սերը՝ խաչված է, բայց չպարտված, մահվան մատնված, բայց հարությամբ հաղթական, և այսօր մեզ ասում է՝ «Ամեն ինչ ավարտված է», և ավարտված է կյանքի հաղթանակով։

Leave a Comment