«Ուժեղ Հայաստանը» EDQM-ի ղեկավարի հետ քննարկել է ՀՀ-ում դեղերի հասանելիության հարցը

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Ստրասբուրգում Դեղերի որակի և առողջապահության եվրոպական տնօրինության (EDQM) ղեկավար Պետրա Դյորի հետ քննարկել է Հայաստանում դեղերի բարձր գների և հասանելիության խնդիրը, հայտնել է Կարապետյանը։

Կողմերը քննարկել են նաև Հայաստանում դեղերի գները Վրաստանի մակարդակին իջեցնելուն ուղղված առաջարկվող լուծումները։

«Շատ շուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի»,- գրել է նա։

Այցից առաջ Կարապետյանը հայտնել էր, որ պատվիրակությունը կքննարկի Հայաստանում եվրոպական դեղերի հասանելիության հարցը։ Նրա խոսքով՝ ԵՄ-ում գրանցված է մոտ 100 հազար դեղ, իսկ Հայաստանում՝ մոտ 3000։

Պատվիրակության կազմում էին նաև ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը և ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանը։

EDQM-ը Եվրոպայի խորհրդի կառույց է, որը մշակում է դեղերի որակի ստանդարտները, աջակցում դրանց ներդրմանը և վերահսկում դրանց կիրառումը։ Տնօրինությունը ղեկավարում է Եվրոպական դեղագործական ընկերությունը, դեղանյութերի արտադրողներին տրամադրում է համապատասխանության հավաստագրեր և համակարգում է դեղերի որակի հսկողության պաշտոնական լաբորատորիաների եվրոպական ցանցը։

Եվրոպայի խորհուրդը ԵՄ-ից առանձին կազմակերպություն է, թեև երկուսը համագործակցում են բազմաթիվ ոլորտներում։

Կարապետյանը դեղերի գների հարցը բարձրացրել էր դեռևս փետրվարին։ Այն ժամանակ նա հայտարարել էր, որ Հայաստանում դեղերն ավելի թանկ են, քան Վրաստանում, և դա կապել էր գների նվազեցման հետևողական քաղաքականության և գնագոյացման կարգավորման մեխանիզմների բացակայության հետ։ Նրա խոսքով՝ խնդիրը դեղատնային հավելագնի մեջ չէ, այլ դեղերի բարձր գնման արժեքի։ Սամվել Կարապետյանի տնտեսական նախաձեռնությունների շրջանակում կուսակցությունն առաջարկել էր դեղերի գներն իջեցնել առնվազն 20%-ով, որպեսզի քաղաքացիները ստիպված չլինեն դրանց համար արտերկիր մեկնել։

Վրաստանի և Հայաստանի գների տարբերության մասին հոկտեմբերի 2-ին գրել էր նաև «Փաստ» թերթը։ Պարբերականի հաշվարկներով՝ արյան ճնշման կարգավորման համար օտգագործվող «Էնապ» դեղը Հայաստանում արժե 900 դրամ, իսկ Վրաստանում՝ 483 դրամ։ «Պրեստանսի» գինը Հայաստանում 5700 դրամ է, Վրաստանում՝ 4354 դրամ։

Leave a Comment