Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ակցիաների երկու օրվա ընթացքում ավելի քան 3700 մարդ է ձերբակալվել, հայտնում է Le Monde-ը՝ հղում անելով Ֆրանսիայի ազգային կրթության նախարարությանը և ՆԳ նախարար Լորան Նունյեսին։
Նունյեսի տվյալներով՝ հոկտեմբերի 2-ին բողոքի ակցիաների հետ կապված ձերբակալվել է 1747 մարդ, իսկ մեկ օր առաջ՝ ևս 1954-ը։ Այսպիսով՝ երկու օրվա ընթացքում ձերբակալվածների ընդհանուր թիվը հասել է 3701-ի։
Հոկտեմբերի 2-ին բողոքի ակցիաների պատճառով Ֆրանսիայում փակվել է շուրջ 400 ավագ դպրոց, իսկ մինչև երեկո ցույցերն ու ուսումնական գործընթացի խաթարումները վերաբերել են ընդհանուր առմամբ 735 ուսումնական հաստատության։ Իլ դը Ֆրանս շրջանում առավոտյան խախտումներ են գրանցվել 55 ավագ դպրոցում։
Բողոքի ակցիաներն ուղեկցվում են բախումներով, հրդեհներով և գույքի վնասմամբ։ Սեպտեմբերի 25-ին տուժել էր կրթական համակարգի երեք աշխատակից։
Կրթության նախարար Էդուար Ժեֆրեի հետ հանդիպումից հետո դպրոցականների ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն ստացել «կոնկրետ միջոցառումների» վերաբերյալ առաջարկներ և կոչ են արել հոկտեմբերի 6-ին շարունակել բողոքի ակցիաները։
Նախարարը խոստացել է արագացնել բացակայող ուսուցիչների փոխարինումը, ինչպես նաև աշխատանք սկսել դպրոցական դասացուցակների, դասարանների թվաքանակի, շենքերի վիճակի և աշակերտական ինքնակառավարման հետ կապված խնդիրների ուղղությամբ։
Ֆրանսիայի ավագ դպրոցներում բողոքի ակցիաները սկսվել էին սեպտեմբերի 21-ին և հետագայում տարածվել Փարիզի շրջանից դուրս։ Ակցիայի մասնակիցները պահանջում են լուծել ուսուցիչների և այլ աշխատակիցների պակասի, գերբեռնված դասարանների ու դասացուցակների, ինչպես նաև դպրոցական շենքերի վիճակի հետ կապված խնդիրները։
