Հայ-ամերիկյան System of a Down (SOAD) ռոք խումբը Toxicity ալբոմի 25-ամյակը կնշի Լոս Անջելեսում եզակի իրերով և արխիվային նյութերով անվճար շաբաթական ցուցահանդեսով, հայտնում է Beyond the Streets պատկերասրահը։
«System of a Down x Beyond the Streets: Toxicity 25th Anniversary Exhibition» ցուցահանդեսը կբացվի հոկտեմբերի 13-ին և կտևի մինչև հոկտեմբերի 18-ը։
Այցելուները կկարողանան տեսնել Toxicity-ի ժամանակաշրջանի եզակի նյութեր, արխիվային ցուցանմուշներ, ինստալյացիաներ և ալբոմի խորհրդանիշները։ Մուտքն ազատ է։
Toxicity ալբոմը թողարկվել է 2001 թվականի սեպտեմբերի 4-ին և դեբյուտ է արել Billboard 200 հիթ-շքերթի առաջին տեղում։ Ալբոմում ընդգրկված են Chop Suey!, Toxicity և Aerials երգերը։
SOAD-ը հիմնադրել են Լոս Անջելեսում հայազգի երաժիշտներ Սերժ Թանկյանը, Դարոն Մալաքյանը, Շավո Օդաջյանը և Ջոն Դոլմայանը։ Խումբը 2015 թվականի ապրիլին Երևանում անվճար համերգ էր տվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։
Փաշինյանը մայիսին նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ System of a Down-ը «հուլիսին կգա» և համերգ կտա Երևանի Հանրապետության հրապարակում։ Շուտով խմբի մենակատար Սերժ Թանկյանը Instagram-ում պատասխանել էր․ «SOAD-ը Երևանո՞ւմ։ Կարծես թե այստեղ որոշակի շփոթություն կա»։ Նա պարզաբանել էր, որ հուլիսյան համերգն իսկապես նախատեսված էր, սակայն խումբը որոշել էր այն հետաձգել լոգիստիկ դժվարությունների և ժամանակացույցի խնդիրների պատճառով, իսկ նոր ամսաթիվը կհայտարարի ավելի ուշ։ Համերգը դեռ չի կայացել։
