Տորոնտոյում տեղի կունենա Վահրամ Սարգսյանի Ergir ստեղծագործության պրեմիերան

Հոկտեմբերի 3-ին Տորոնտոյում տեղի կունենա կանադահայ կոմպոզիտոր Վահրամ Սարգսյանի Ergir ստեղծագործության համաշխարհային պրեմիերան։

Համաձայն Sinfonia Toronto կամերային նվագախմբի նոր համերգաշրջանի ծրագրի՝ ստեղծագործությունը կկատարվի նույն նվագախմբի կողմից՝ Նուրհան Արմանի ղեկավարությամբ։ Համերգը տեղի կունենա Trinity-St. Paul’s Centre-ում՝ ժամը 19:30-ին։

Ergir-ը ստեղծվել է հենց Sinfonia Toronto-ի պատվերով. այն գրված է լարային նվագախմբի համար և նվիրված է պատմական հիշողության ու մշակութային ժառանգության թեմաներին։ Սարգսյանը պատմել է, որ երաժշտությունը ստեղծելիս ոգեշնչվել է Արևմտյան Հայաստանի և հայկական մանրանկարչության աշխարհի վերաբերյալ իր խորհրդածություններով։

Պրեմիերան կկայանա Bravo Beethoven-Homeland («Բրավո՛ Բեթհովեն. Հայրենիք») համերգի շրջանակում, որով կազդարարվի Sinfonia Toronto-ի 28-րդ համերգաշրջանի բացումը։

Ծրագրում ընդգրկված են նաև Բեթհովենի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը (մենակատար՝ Շենգ Ցայ), Աստոր Պիացցոլայի Milonga del Angel-ը և Մոցարտի Eine kleine Nachtmusik-ը։ Ergir-ի ստեղծմանն աջակցել են Կանադայի արվեստի խորհուրդը (Canada Council for the Arts) և Քվեբեկի արվեստի և գրականության խորհուրդը (Conseil des arts et des lettres du Québec)։

Սարգսյանը կանադահայ կոմպոզիտոր, դիրիժոր և վոկալիստ է, ինչպես նաև 2023 թվականի Ժյուլ Լեժեի (Jules Léger) մրցանակի դափնեկիր։ Նրա ստեղծագործությունները հնչել են «Քարնեգի հոլ»-ում, Բեռլինի ֆիլհարմոնիայում և այլ համերգասրահներում։

Leave a Comment