Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի զինված հարձակման հետևանքով վիրավորված Շաքիի բնակչուհի Անի Ավետիսյանն այս պահին վիրահատվում է, «Փաստինֆո»-ին հայտնել է նրա քույրը՝ Արփի Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ Ավետիսյանն ունի ազդրի բազմաբեկորային կոտրվածք և անոթի վնասվածք, մեծ քանակությամբ արյուն է կորցրել։
Վիրահատությունը նախատեսված էր երկուշաբթի, սակայն Ավետիսյանի վիճակը գիշերը վատացել է․ ճնշումն իջել է մինչև 90/40, հեմոգլոբինը շատ ցածր է։
Արփի Ավետիսյանի խոսքով՝ բժիշկները նախատեսում են իմպլանտ տեղադրել և զգուշացրել են, որ ոտքը կարճանալու է։ Մոտ վեց ամիս անց անհրաժեշտ կլինի ևս մեկ վիրահատություն։
Վիրավորվել է նաև կնոջ երեխաներից մեկը, որի ձեռքը վիրահատել են։
«Երեխաները ծնողներիս մոտ են, ամուսինը Սիսիանից բերել է»,- ասել է Անիի քույրը և հավելել, որ երեխաները դեռ չեն տեսել մորը։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 3-ին բժշկական կենտրոնում այցելել էր Ավետիսյանին։ Վիրավոր կնոջն այցելել էր նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Հոկտեմբերի 1-ին Ադրբեջանի զինծառայող Նասիմի Մուսաևն ապօրինի հատել էր Հայաստանի սահմանը, Շաքիում կրակել տեղի բնակչուհու վրա, ավելի ուշ՝ ձերբակալվել։ Կրակոցի հետևանքով 39-ամյա կինը կորցրել էր ձախ ձեռքի երեք մատը։
Դեպքի առթիվ հոկտեմբերի 2-ին քրեական վարույթ էր նախաձեռնվել հինգ հոդվածով։ Մուսաևը կալանավորել էր երկու ամսով։
