Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Նոր Կյուրինի հրազենային միջադեպի մասին

ՀՀ ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղում Այնթապ գյուղի 54-ամյա բնակչի վրա հարձակման մասին։

Ոստիկանության տվյալներով՝ Նոր Կյուրինի 49-ամյա բնակիչը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունից հետո հրացանով կրակել և վիրավորել է նրան։ Վիրավորը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ոստիկանության տվյալներով՝ հոկտեմբերի 1-ին՝ կեսգիշերն անց, տղամարդիկ վիճաբանել և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։

Ավելի ուշ Այնթապի բնակիչը գնացել է Նոր Կյուրին՝ վիճաբանությունը շարունակելու, որտեղ, ոստիկանության վարկածով, մյուս տղամարդն իր մոտ ապօրինի պահվող հրացանով կրակել և վիրավորել է նրան։
Ոստիկանները ձերբակալել են 49-ամյա տղամարդուն։ Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում հրացանը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Armenia Today-ին չհաջողվեց կապ հաստատել ՆԳՆ-ի հետ՝ պարզելու, թե արդյոք դեպքը կապ ունի «Մանախ» մականունով հայտնի Արթուր Այվազյանի ձերբակալման հետ։

Այվազյանի փաստաբան Աննա Ծառուկյանը հոկտեմբերի 2-ին հայտնել էր, որ Այվազյանը ձերբակալված է հոկտեմբերի 1-ից՝ «հրազենային վնասվածքի ենթադրյալ դեպքի» առթիվ։ Այլ մանրամասներ, նախաքննության գաղտնիության պատճառով, նա չէր հայտնել։

Leave a Comment