Հայաստանի Կենտրոնական բանկը հոկտեմբերի 5-ից շրջանառության մեջ կդնի COP17 արծաթե հուշադրամը, որը նվիրված է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին, հայտնում է ԿԲ-ն։
COP17-ի պաշտոնական պատկերանիշը երևանյան կապտաթիթեռն է (Polyommatus eriwanensis)՝ Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված էնդեմիկ տեսակ։
Դիմերեսին՝ ՀՀ զինանշանը և ոճավորված եռագույնը։ Դարձերեսին՝ COP17-ի պատկերանիշը՝ ոճավորված երևանյան կապտաթիթեռի տեսքով, COP17, Yerevan, Armenia, Taking Action for Nature («Գործելով հանուն բնության») մակագրությունները։
Հուշադրամի էսքիզները մշակել է Աննա Կուրղինյանը։ Այն հատվել է Նիդեռլանդների թագավորական դրամահատարանում։
Մետաղադրամի թողարկման տարեթիվը 2026-ն է, թողարկման քանակը՝ 300 հատ։ Դրամական արժեքը 1000 դրամ է, տրամագիծը՝ 40,0 մմ, քաշը՝ 33,6 գրամ։ Մետաղադրամը պատրաստված է 925 հարգի արծաթից, եզրաշուրթը ատամնավոր է, իսկ որակը՝ պրուֆ։
Հայաստանը COP17-ը կհյուրընկալի Երևանում հոկտեմբերի 18-30-ը։ Համաժողովն անցկացնելու իրավունքը երկիրն ստացել էր Կոլումբիայում՝ COP16-ում կայացած քվեարկության արդյունքում՝ հավաքելով 65 ձայն։
