FlyDubai-ի երկրորդ օդաչուն, որն օրեր առաջ Դուբայից Թել Ավիվ ուղևորվող ինքնաթիռը վթարի ենթարկելու փորձ էր կատարել, կարող է լինել Համամ ալ-Համամին, CBS News-ին հայտնել են հետաքննությանը ծանոթ մի քանի աղբյուր։
Նրա ինքնությունը, սակայն, պաշտոնապես դեռ չի հաստատվել։ Աղբյուրների փոխանցմամբ՝ ալ-Համամին նախկինում կարճ ժամանակ աշխատել էր Oman Air-ում։ Օմանի իշխանությունների կողմից իրականացված վերահսկողության ընթացքում, ըստ աղբյուրների, պարզվել էր, որ նա այցելում է արմատական կայքեր, ինչից հետո նրան տեղափոխել էին գրասենյակային աշխատանքի։ Նա, սակայն, դիմում էր գրել և 2024 թվականին հեռացել ավիաընկերությունից։
Աղբյուրների համաձայն՝ ալ-Համամին նաև հրապարակել էր Դուբայում El Al-ի ինքնաթիռների տեսանյութ, որի վերջում տեղադրել էր «Ալ-Քաիդա»-ի նախկին առաջնորդ Այման ալ-Զավահիրիի լուսանկարը։ Վերջինս սպանվել էր 2022 թվականին՝ ԱՄՆ-ի անօդաչու թռչող սարքի հարվածից։
Հետագայում ալ-Համամին տեղափոխվել էր Դուբայ, որտեղ աշխատանքի էր անցել FlyDubai-ում։ CBS News-ի աղբյուրների պնդմամբ՝ ավիաընկերությունը նրան աշխատանքի ընդունելիս չէրի ստուգել նրա անցյալն Օմանի կառավարության միջոցով։
Ալ-Համամին, ըստ աղբյուրների, Օմանի քաղաքացի է։ Նրա մայրը սիրիացի է, իսկ հայրը՝ Օմանի քաղաքացի։ Օմանի կառավարությունը նրա քաղաքացիությունը պաշտոնապես չի հաստատել։
Միջադեպը տեղի էր ունեցել չորեքշաբթի օրը, երբ ինքնաթիռը մոտենում էր Իսրայելին։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսքով՝ երկրորդ օդաչուն դանակահարել էր հրամանատարին և փորձել վթարի ենթարկել ինքնաթիռը։ Հրամանատարը կարողացել էր դիմադրել և բացել օդաչուների խցիկի դուռը, որից հետո ուղևորները վնասազերծել էին երկրորդ օդաչուին։
Ինքնաթիռում գտնվող երկու հերթապահությունից ազատ օդաչուներ այնուհետև վերահսկողության տակ էին վերցրել օդանավը և արտակարգ վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայի Թաբուք քաղաքում։ Ինքնաթիռում գտնվել էր 174 մարդ։ Ուղևորներից ոչ ոք լուրջ վնասվածքներ չէր ստացել, իսկ հրամանատարը վիրավորվել էր։ Սաուդյան արաբիայի իշխանությունների տվյալներով՝ անձնակազմի երկու անդամ ևս հոսպիտալացվել էր։
