Շաքիում տեղի ունեցած դեպքից հետո Սիսիանի բնակիչները սկսել են ավելի խիստ հետևել տան և երեխաների անվտանգությանը, գրում է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով քաղաքի բնակիչներին։
Թերթի տվյալներով՝ բնակիչները գիշերները ամուր փակում են դռներն ու պատուհանները, իսկ երեխաներին անձամբ ուղեկցում դպրոց և դասերից հետո դիմավորում։ Արդեն երկու օր է՝ նրանք ցանկացած անսովոր ձայնի դեպքում ստուգում են, թե ինչ է կատարվում, փորձում են ուշ ժամերին տանից դուրս չգալ և հնարավորության դեպքում միայնակ չմնալ։ Ծնողներից ոմանք նույնիսկ բարձր դասարաններում սովորող երեխաներին են ուղեկցում դպրոց և դասերից հետո գնում նրանց դիմավորելու։
«Մենք մեր երկրում վախի մեջ ենք ապրում, ինչը երբեք չի եղել»,- «Հրապարակ»-ը մեջբերում է բնակիչներից մեկին։
Հոկտեմբերի 1-ին Ադրբեջանի զինծառայող Նասիմի Մուսաևը ապօրինի հատել էր Հայաստանի սահմանը, Շաքիում կրակել տեղի բնակչուհու վրա և ավելի ուշ ձերբակալվել։ Կրակոցից 39-ամյա կինը կորցրել էր ձախ ձեռքի երեք մատը։
Դեպքի առթիվ հոկտեմբերի 2-ին քրեական վարույթ է նախաձեռնվել հինգ հոդվածով։ Մուսաևը կալանավորել է երկու ամսով։
