«Սա սահմանային միջադեպ չէ, ՀՀ ինքնիշխան տարածքի, ՀՀ քաղաքացու անվտանգության հարց է»․ Մետաքսե Հակոբյան

«Սա սահմանային միջադեպ չէ, ՀՀ ինքնիշխան տարածքի, ՀՀ քաղաքացու անվտանգության հարց է»․ Մետաքսե Հակոբյան

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի գրառումը․ «Այսօր արդեն դժվար է որևէ մեկին համոզել, թե այս իշխանությունները կարող են պաշտպանել Հայաստանի Հանրապետությունն ու ՀՀ քաղաքացուն։
Սյունիքի Շաքի բնակավայրում տեղի ունեցածը դրա հերթական և շատ վտանգավոր հաստատումն է։
Ադրբեջանցի զինծառայողը հատում է ՀՀ սահմանը, հասնում հայկական բնակավայր և կրակում ՀՀ քաղաքացու վրա։
Օրվա իշխանություններն ասում էին և շարունակում են պնդել, թե Արցախը հանձնեցին՝ Հայաստանը «փրկելու», սահմանները խաղաղեցնելու և «խաղաղության դարաշրջան» բերելու համար։
Բայց որտե՞ղ է այդ խաղաղությունը։
Համենայն դեպս ես վստահ եմ, որ Արցախը հանձնած նիկոլները նույնիսկ ունակ չեն հասարակությանը տալ ամբողջական և հրապարակային պարզաբանում՝ ինչպես է ադրբեջանցի զինծառայողը հատել ՀՀ սահմանը, հասել բնակավայր և զինված հարձակում իրականացրել ՀՀ քաղաքացու նկատմամբ։
Ունակ չէ անհապաղ ուժեղացնել սահմանամերձ բնակավայրերի և քաղաքացիների անվտանգությունը, որպեսզի նման ներթափանցման և հարձակման կրկնության հնարավորություն չլինի։
Ունակ չէ ադրբեջանական կողմին ներկայացնելու հստակ պահանջ՝ ապահովել նման դեպքերի բացառումը։
Եվ կարևորը՝ Հայաստանի իշխանությունը պարտավոր է այս միջադեպը կապել Ադրբեջանում պահվող հայերի հարցի հետ և պահանջել մեր հայրենակիցների անհապաղ վերադարձը։ Պետք է օրակարգ բերի փոխանակման հստակ մեխանիզմը՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։
Միանգամայն հստակ է, որ տեղի ունեցածը սահմանային միջադեպի հարց չէ։
Սա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի, ՀՀ քաղաքացու անվտանգության և պետության՝ իր քաղաքացիներին պաշտպանելու կարողության հարց է։
Ոչ թե լռություն, ոչ թե հերթական հայտարարություն, այլ՝ անվտանգություն, պատասխանատվություն և մեր հայրենակիցների վերադարձի համար կոնկրետ գործողություններ»։

Աղբյուրը`   Մետաքսե Հակոբյան

Leave a Comment