Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն Ազգերի լիգայի երրորդ տուրում հյուրընկալվելիս 0։2 հաշվով պարտվել է Կիպրոսի հավաքականին, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Կիպրոսի կազմում գոլերը խփել են Լեոնիդաս Կոնոմիսը և Անդրոնիկոս Կակուլիսը՝ համապատասխանաբար 19-րդ և 31-րդ րոպեներին։
52-րդ րոպեից Կիպրոսի հավաքականը խաղացել է 10 ֆուտբոլիստով՝ Կոստաս Պիլեասի հեռացումից հետո, սակայն Հայաստանի ընտրանին չի կարողացել օգտվել թվային առավելությունից։
C2 խմբի մյուս խաղում Չեռնոգորիան 2։1 հաշվով հաղթել է Լատվիային։
Երեք տուրից հետո Չեռնոգորիան 9 միավորով գլխավորում է C2 խմբի մրցաշարային աղյուսակը։ Կիպրոսն ունի 4, Հայաստանը՝ 3, Լատվիան՝ 1 միավոր։
Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 5-ին՝ Պոդգորիցայում մրցելով Չեռնոգորիայի հետ։
Երկրորդ տուրում Հայաստանը 2։3 հաշվով պարտվել էր Չեռնոգորիայի ընտրանուն, առաջին տուրում 2։0 հաշվով հաղթել Լատվիային։
