Փորձություն հայ-ադրբեջանական ձևավորվող վստահության համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փորձություն հայ-ադրբեջանական ձևավորվող վստահության համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը հասել էր Սյունիքի մարզի Շաքի գյուղ և կրակել տեղի բնակչուհու ոտքին։

Միջադեպը կարող էր արագ վերածվել հերթական հայ-ադրբեջանական լարվածության պատճառի, սակայն այս անգամ զարգացումներն այլ ընթացք են ունեցել։ Սա նաև վկայում է երկու երկրների միջև հաստատված փաստացի խաղաղության մասին, քանի որ համաձայնագրի նախաստորագրումից հետո առաջին անգամ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը նման հարցով փորձել է համագործակցել Հայաստանի հատուկ ծառայությունների հետ։

Ինչպես նշված էր Հայաստանի ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ, սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը հայկական կողմին տեղեկացրել էր, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը լքել է ծառայության վայրը և կարող է հայտնվել Հայաստանի տարածքում։

Ադրբեջանի հարցերով վերլուծաբան, «Հայկական խորհրդի» ասոցացված փորձագետ Դիանա Կարապետյանի գնահատմամբ՝ այս պատմության կարևորագույն կողմերից մեկը հենց երկու երկրների սահմանային ծառայությունների միջև համագործակցությունն է։«Հայաստանի և Ադրբեջանի սահմանային ծառայությունների միջև համագործակցությունն այս, ուրեմն, փուլում բավականին դրական կարող եմ գնահատել՝ չնայած այն հանգամանքին, որ, այո՛, մենք ունեցանք բավականին ցավալի հետևանքներ, և տեղի բնակչությունը ահաբեկված է․ վնասվածքով կին կա, երեխաները, ուրեմն, բավականին վախի մթնոլորտում են այս պահին»։

Կարապետյանի համոզմամբ՝ տեղեկատվության բացակայությունն այս դեպքում հակառակ արդյունքը տվեց։

«Պետք էր տեղի հասարակությանը, տեղի բնակչությանը զգուշացնել այդ մասին, որովհետև խուճապը կառավարելու փորձը և այդ մասին տեղեկատվություն չտրամադրելը, ըստ էության, հակառակն ազդեց, և մարդիկ ադրբեջանցուն հայտնաբերեցին իրենց տանը»։

Արդյո՞ք ադրբեջանական կողմի նախնական իրազեկումն ու հայկական կողմի արձագանքը կարելի է դիտարկել որպես ձևավորվող վստահության մեխանիզմ։

«Եթե պայմանականորեն նախկին տարիներին մենք ունենայինք նման պրոցես, սա, բնականաբար, կդառնար սահմանային էսկալացիա, և կարող ենք ասել, որ հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում խաղաղության հաստատվածության մասին խոսույթը քաղաքական մակարդակում թույլ է տալիս նման միջադեպը չդարձնել սահմանային էսկալացիա և լուծել ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական որոշումների տիրույթում»։

Նույն իրադարձությունը մեկ այլ դիտանկյունից է գնահատում քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը։ Նա կասկածի տակ է դնում զինծառայողի՝ Հայաստանի տարածքում հայտնվելու պատահականության վարկածը։

«Ես չեմ կարծում, որ այսպիսի դեպքերը պատահականություն են․ այո՛, կառավարվում է այնքանով, որքանով դա մեզ ասում են, որքանով դա Ադրբեջանից է գալիս»։

Միաժամանակ քաղաքագետը դա ներկայացնում է որպես վարկած, ոչ թե հաստատված փաստ։

Ստեփանյանի կարծիքով՝ միջադեպը պետք է դիտարկել նաև վերջին շաբաթների հայ-ադրբեջանական գործընթացների համատեքստում։

«Եթե Բաքվի և Երևանի միջև ամեն ինչ լավ լիներ, եթե խաղաղության գործընթացը չարգելակվեր, եթե նույն «խաղաղության կամրջի» մասնակիցներն այդ նախագծով Բաքվից ժամանեին Երևան, ինչպես դա ծրագրված էր, ես այդքան էլ հակված չէի լինի, հա՞, այդ վարկածն առաջ քաշել։ Բայց այս պահին ես կարծում եմ, որ այդ վարկածն առնվազն կյանքի իրավունք ունի»։

Դիանա Կարապետյանը չի բացառում, որ տեղեկատվական ու քարոզչական դաշտում տարբեր շահարկումներ կարող են արվել։ Սակայն նա կարևորում է այն, որ պաշտոնական մակարդակում միջադեպը չվերածվի փոխադարձ մեղադրանքների շղթայի։

«Ես չէի ասի, թե այս միջադեպի առնչությամբ քարոզչական որոշակի հայտարարություններ չկան և լիարժեքորեն արդարացված են, որովհետև սահմանային անցումն այդ հատվածում, որը, ինչպես գիտենք, բավականին խնդրահարույց է՝ հաշվի առնելով, որ հենց այդ տարածաշրջանում են օկուպացված Հայաստանի տարածքները, բավականին իրատեսական են, և կարծում եմ, որ որքան էլ դրանք քարոզչական բնույթ են կրում որոշակիորեն, սակայն ունեն արդարացվածության որոշակի մակարդակ։ Այլ հարց է, որ պաշտոնական մակարդակում այս միջադեպը, ըստ էության, պահվում է չափելիության սահմաններում»։

Դավիթ Ստեփանյանն էլ նկատում է՝ միջադեպն արդեն դարձել է քաղաքական գնահատականների առարկա Հայաստանի ներսում։

«Արդեն տեսնում ենք առնվազն քարոզչական մակարդակում Հայաստանի ներսում, որ ընդդիմությունը փորձում է սա օգտագործել՝ ներկայացնելով կատարվածը որպես Հայաստանի ղեկավարության անզորության, իրավիճակը կառավարելու ունակության բացակայության դրսևորում»։

Խաղաղության գործընթացի կայունության համար, ըստ Դիանա Կարապետյանի, անհրաժեշտ է աշխատել նաև հասարակությունների հետ։ Որովհետև եթե սահմանին ստեղծվում են հաղորդակցության մեխանիզմներ, բայց հասարակությունները պատրաստ չեն նման իրավիճակներին, ցանկացած նոր միջադեպ կարող է հարվածել ձևավորվող վստահությանը։

«Հայաստանի Հանրապետությունում վերջին մեկ տարվա ընթացքում բավականաչափ աշխատանք է տարվել։ Ես հույս ունեմ, որ ադրբեջանական հասարակության մեջ ևս որոշակի աշխատանքներ տարվում են, որովհետև որքան էլ լինեն նման համագործակցային պրոցեսներ, նման դրվագներ, սակայն եթե հասարակությունները լիարժեք պատկերացում չունեն խաղաղության մասին և հանկարծ առերեսվում են նման բացասական միջադեպերի, կարծում եմ, որ այդտեղ վստահության ցանկացած մեխանիզմ միանշանակ տուժում է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment