Սպերցյանը Յամալի և Գորդոնի հետ միասին ընդգրկվել է խորհրդանշական հավաքականում

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ընդգրկվել է Ազգերի լիգայի երկրորդ տուրի խորհրդանշական հավաքականում, հայտնում է Sofascore-ն։

Սպերցյանը ստացել է 8,6 գնահատական։ Չեռնոգորիայի դեմ խաղում, որն ավարտվել է Հայաստանի հավաքականի՝ 2։3 հաշվով պարտությամբ, նա 65-րդ րոպեին գոլ է խփել, կատարել երեք առանցքային փոխանցում և ստեղծել մեկ գոլային պահ։ Նա նաև կատարել է 64 փոխանցում, որոնցից 57-ը՝ ճշգրիտ, և գնդակով առաջխաղացման 11 գործողություն։

Տուրի խորհրդանշական հավաքականում Սպերցյանի հետ ընդգրկվել են նաև Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ Լամին Յամալը, որն ստացել է ամենաբարձր՝ 9,8 գնահատականը, և Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստ Էնթոնի Գորդոնը՝ 8,7 գնահատականով։

Դարպասապահի դիրքում ընդգրկվել է Դիոգու Կոշտան, իսկ կիսապաշտպանությունում Սպերցյանի հետ տեղ են գտել Յամալը, Յասին Այարին և Նիկոլա Զալևսկին։

Սպերցյանն ամռանը «Կրասնոդարից» 25 մլն դոլարով տեղափոխվել էր Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի»։ Սեպտեմբերին նա խփել էր նոր ակումբում իր առաջին գոլը և ընդգրկվել Սաուդյան Արաբիայի առաջնության հինգերորդ տուրի խորհրդանշական հավաքականում։

Չեռնոգորիայի դեմ խաղում Հայաստանի հավաքականը երկու անգամ հավասարեցրել էր հաշիվը, սակայն հանդիպումն ավարտվել էր մրցակցի հաղթանակով՝ 3։2 հաշվով։

Leave a Comment