Ազգային ժողովում (ԱԺ) ստեղծվել է քննիչ հանձնաժողով՝ Հայ Առաքելական եկեղեցում իշխանությունների մատնանշած «ճգնաժամն» ուսումնասիրելու նպատակով, տեղեկանում ենք Ազգային ժողովից։
Ըստ հայտարարության՝ հանձնաժողովը ստեղծվել է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի համաձայն։
Հանձնաժողովը կուսումնասիրի Հայ Առաքելական եկեղեցում մի շարք հոգևորականների գործունեության հետևանքով, իշխանությունների գնահատմամբ, առաջացած ճգնաժամը և դրա ազդեցությունը եկեղեցու՝ հայ ժողովրդի հոգևոր կյանքում, մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման առաքելության վրա, նշվում է հայտարարության մեջ։
Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող ԱԺ որոշման նախագիծը կքննարկվի խորհրդարանի հերթական նիստում։
«Ազատության» տեղեկություններով՝ հանձնաժողովը կղեկավարի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։
«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները դեռ սեպտեմբերի 22-ին հայտարարել էին, որ չեն մասնակցելու եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։
Սեպտեմբերի 24-ին կառավարությունը հրապարակել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ պատրաստված՝ Հայ Առաքելական եկեղեցում «ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը։ Փաստաթղթում իշխանությունները 16 կետով ներկայացրել էին եկեղեցու վերաբերյալ իրենց գնահատականներն ու պնդումները։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը զեկույցը որակել էր հակասահմանադրական, հակականոնական և անօրինական՝ այն համարելով միջամտություն եկեղեցու ներքին կյանքին։
