Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում, «Վեստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Օվերչուկի խոսքով՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության ավելի քան 10 տարիների ընթացքում երկրի ՀՆԱ-ն աճել է գրեթե երեք անգամ, իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն՝ մոտ երեք անգամ։ Միության երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2024 թվականին, նրա տվյալներով, հասել է $12,4 մլրդ-ի, մինչդեռ Հայաստանի ՀՆԱ-ն կազմում է $26–27 մլրդ։
«Մենք, իհարկե, շատ ենք հուսով, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը Եվրասիական տնտեսական միության մյուս մասնակից պետությունների հետ միասին»,- հայտարարել է Օվերչուկը։
Հայտարարությունը հնչել է Մինսկում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի օրը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը տեսակապով մասնակցում էր նիստին, հայտարարել է ԵԱՏՄ շրջանակում համագործակցության շարունակման հանձնառության մասին՝ միաժամանակ մատնանշելով հայկական արտադրանքի արտահանման համար պահպանվող սահմանափակումներն ու վարչական խոչընդոտները։
Ռուսաստանը մայիսի 22-ից փուլ առ փուլ սահմանափակումներ էր կիրառում հայկական մի շարք ապրանքների ներմուծման նկատմամբ, այդ թվում՝ գյուղմթերքի, ձկան, կաթնամթերքի և ալկոհոլային արտադրանքի։
Հայաստանի իշխանությունները հայտարարել էին, որ սահմանափակումները հակասում են ԵԱՏՄ սկզբունքներին։
Առևտրային սահմանափակումների ֆոնին Մոսկվան նաև կոչ էր արել Երևանին կողմնորոշվել ԵԱՏՄ-ում հետագա անդամակցության և ԵՄ-ին անդամակցելու կուրսի միջև:
