Դատարանը մերժել է Սերժ Սարգսյանի քրեական գործը կարճելու միջնորդությունը

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, հոկտեմբերի 2-ին մերժել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի քրեական գործը կարճելու պաշտպանների միջնորդությունը։ Դատական նիստի ուղիղ հեռարձակումն իրականացրել է Armenia Today-ի YouTube ալիքը։

Պաշտպանները միջնորդությունը ներկայացրել էին սեպտեմբերի 25-ին։ Փաստաբան Ամրամ Մակինյանը, մասնավորապես, պնդել է, որ մեղադրանքում բացակայում է Սարգսյանի ենթադրյալ գործողությունների և պետությանը պատճառված վնասի միջև պատճառահետևանքային կապի նկարագրությունը։
Դատարանը միաժամանակ այս գործով վերացրել է Սարգսյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելքը։

Նիստից հետո Մակինյանը լրագրողներին հայտնել է, որ մյուս գործով այդ խափանման միջոցը շարունակում է կիրառվել։ Հետևաբար, Մակինյանի պարզաբանմամբ, Սարգսյանը չի կարողանա հեռանալ երկրից։

«Բոլոր այն մարդիկ կամ այն ուժերը, ովքեր անհանգստացած են, որ Սերժ Սարգսյանի խափանման միջոցը փոխվել է, ես ասում եմ՝ հանգիստ եղեք, չի փոխվել, չի վերացվել, մեկ այլ գործով էլի բացակայելու արգելք կա կիրառված։

Վերջնարդյունքում պարոն նախագահի ելքը այս պահին արգելափակված է, հանգիստ թող լինեն այդ մարդիկ, ովքեր անհանգիստ են, որ Սերժ Սարգսյանը կարող է մեկնել, չի կարող»,- ասել է նա։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13:00-ին։

Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր սկսվել հուլիսին՝ Գյումրի քաղաքի «Սև բերդ» ամրոցն ապօրինի օտարելու գործի շրջանակում։ Գործը վերաբերում է Սարգսյանի՝ ՀՀ պաշտպանության նախարար աշխատելու ժամանակահատվածին (2000-2007)։

Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 8 տարի առավելագույն ժամկետով)։

ՔԿ-ի վարկածով՝ Սարգսյանը 2005 թվականի մայիսի 11-ին ուղղակի վաճառքով 22 միլիոն 951 հազար դրամով ֆիզիկական անձի է օտարել հանրապետական նշանակության պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող ամրոցը և հարակից 0,7 հեկտար հողամասը։ Սա Սարգսյանի դեմ դատարան հասած հինգերորդ քրեական գործն է։

Leave a Comment