Ֆրանսիայում դպրոցականների ակցիաներից ձերբակալվածների թիվը հասել է 600-ի

Ֆրանսիայում ավագ դպրոցների շրջափակման և բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվածների թիվը հոկտեմբերի 2-ի կեսօրի դրությամբ հասել է 600-ի, հաղորդում է Le Figaro-ն։

Ակցիաները մի շարք քաղաքներում ուղեկցվել են հրդեհներով, գույքի վնասմամբ և ոստիկանության հետ բախումներով։

Աշակերտները շրջափակում են ուսումնական հաստատությունները՝ առաջ քաշելով կրթական պայմաններին վերաբերող մի շարք պահանջներ։ Բողոքի ակցիաները տարածվել են Փարիզում, Բորդոյում և Ֆրանսիայի այլ քաղաքներում։

Բորդոյի շրջանում փակվել է 18 ավագ դպրոց, իսկ բողոքի ակցիաներին մասնակցել է շուրջ 6000 աշակերտ։ Դատախազության տվյալներով՝ Բորդոյում, Մերինյակում, Բեգլում, Լանգոնում և Լիբուռնում իրավիճակը վերահսկելու համար ներգրավվել է շուրջ 500 ոստիկան, ժանդարմ և հրշեջ։

Ակցիաների ընթացքում հրկիզվել և վնասվել է պետական ու մասնավոր գույք, ոստիկանների ուղղությամբ քարեր, հրավառ նյութեր և այլ առարկաներ են նետվել, ներխուժումներ են գրանցվել նաև ուսումնական հաստատություններ։ Բորդոյի շրջանում վիրավորվել են հինգ ոստիկան և մեկ հրշեջ, երկու ուսուցչուհի հարձակման է ենթարկվել դպրոցների մոտ։ Տուժել է նաև չորս աշակերտ։

Իշխանությունները միաժամանակ փորձում են երկխոսություն սկսել աշակերտների հետ։ Ժիրոնդի ակադեմիայի ռեկտոր Ժան-Մարկ Յուարը նախատեսում է հանդիպել աշակերտական խորհուրդների 58 ընտրված ներկայացուցիչի հետ՝ քննարկումների և խորհրդակցությունների հարթակ ստեղծելու համար։

Բողոքի ցույցերն սկսվել էին սեպտեմբերի 21-ին՝ Կրետեի Սեն-Էքզյուպերի լիցեյում, որտեղ մի քանի ուսուցչական պաշտոն մնացել էր թափուր։ Ցույցերը հետագայում տարածվել էին Փարիզից դուրս։ Ակցիաների մասնակիցները դժգոհում են ուսուցիչների և այլ աշխատակիցների պակասի, գերծանրաբեռնված դասարանների, գերծանրաբեռնված դասացուցակների և շենքերի վատ վիճակից։

Leave a Comment