Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել գնահատել՝ արդյոք երկիրը կկարողանա Եվրամիությունում իրացնել կոնյակի, բանջարեղենի և մրգերի այն ծավալները, որոնք այժմ մատակարարում է ԵԱՏՄ շուկա։ Այս մասին նա հայտարարել է Մինսկում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո կառավարական պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպմանը։
Լուկաշենկոն Երևանին առաջարկել է նախապես պարզել, թե Եվրոպան հայկական արտադրանքի ինչ ծավալներ է պատրաստ գնել և արդյոք նոր շուկան կկարողանա փոխարինել արտահանման ներկայիս ուղղություններին։
«Եթե համոզվել ես, որ Ֆրանսիան կգնի քո կոնյակը՝ թեև իր արտադրանքը վաճառելու տեղ չունի, բայց քոնը կգնի, լավ՝ գնա։ Ինչո՞ւ ես շտապում։ Ինչո՞ւ ես սայլը ձիուց առաջ դնում»,- ասել է նա։
Փաշինյանը, տեսակապով մասնակցելով նիստին, կոչ էր արել շարունակել երկխոսությունը ԵԱՏՄ-ում հայկական արտահանման խոչընդոտների շուրջ։
Լուկաշենկոյի հայտարարությունը հնչել է Հայաստանից ապրանքների մատակարարումների նկատմամբ Ռուսաստանի սահմանափակումների ֆոնին։ Ռուսաստանը մայիսի 22-ից փուլ առ փուլ սահմանափակումներ էր կիրառում, և դրանք այժմ գործում են Հայաստանից ողջ կարանտինային արտադրանքի, ինչպես նաև ձկնամթերքի և կաթնամթերքի նկատմամբ։
Ռոսպոտրեբնադզորը, բացի այդ, կասեցրել էր հայկական ալկոհոլային արտադրանքի առանձին խմբաքանակների իրացումը։
ԵՄ խորհուրդը սեպտեմբերին հաստատել է ժամանակավոր առևտրային արտոնություններ Հայաստանի համար, որոնք վերաբերում են հայկական արտահանման շուրջ 80%-ին։ Ապրանքների լայն շրջանակի, այդ թվում՝ գյուղատնտեսական որոշ արտադրատեսակների համար ներմուծման մաքսատուրքերը կկասեցվեն երկու տարով։
Մինչ նիստը ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն իր հերթին «Վեստի» լրատվականին ասել է, որ Մոսկվան ակնկալում է ԵԱՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակություն։ Նրա խոսքով՝ միությանը Հայաստանի անդամակցության ավելի քան տասը տարվա ընթացքում երկրի ՀՆԱ-ն և մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն աճել են գրեթե երեք անգամ, իսկ ԵԱՏՄ երկրների հետ ապրանքաշրջանառությունը ռեկորդային 2024 թվականին հասել է $12,4 մլրդ-ի։
