Պարգև սրբազանը դիմել է Ինտերպոլին և ԱՄՆ նախագահին՝ պաշտպանելու ադրբեջանցիների կողմից ոչնչացվող հայկական ժառանգությունը

Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև սրբազանը տեսաուղերձով դիմել է Ինտերպոլին, ԱՄՆ նախագահին և ԱՄՆ պատկան մարմիններին։ Նա, մասնավորապես, ասել է.

«Վերջերս իմացանք, որ Ադրբեջանի իշխանությունը դիմել է Ինտերպոլին, որպեսզի վերադարձնեն Դադիվանքի մեր երկու խաչքարերը, որմնանկարները և զանգերը։ Ես դիմում եմ Ինտերպոլի նախագահին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին, Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, բոլոր քրիստոնեական եկեղեցիների պետերին։

Դիմում եմ Եվրոպառլամենտին, ԱՄՆ նախագահին, կոնգրեսմեններին, սենատորներին՝ պաշտպանության կանգնել ճշմարիտ հայկական ժառանգությանը։ Ով պայքարում է ճշմարտության դեմ, աղավաղում է պատմությունը, մեղանչում է Աստծու դեմ։ Ես կոչ եմ անում Աստծու կողմը կանգնել և կասեցնել Ադրբեջանի այս հայատյաց քաղաքականությունը։ Մենք շատ լավ գիտենք՝ ադրբեջանցիներն ուր մտնում են՝ քանդում են հայկական հետքերը և մեր պատմական ժառանգությունը։

2023 թվականին ոչ միայն էթնիկ զտում արեցին, այլ տեսնում ենք, թե ինչպես մինչև այսօր պայթեցնում են հայկական եկեղեցիները և խաչքարերն Արցախի տարածքում։ Հիշում ենք՝ ինչպես Նախիջևանում տարիներ առաջ մի քանի ժամում ադրբեջանական բանակը 5 հազար հայկական խաչքարեր քանդեց՝ ի տես ամբողջ աշխարհի։

Լավ իմանանք, որ ամեն մի հայ եկեղեցու, վանքի իրերը, այդ ամբողջը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սեփականությունն են՝ ինչպես կաթոլիկ եկեղեցիները Վատիկանի սեփականությունն են, ինչպես հույն եկեղեցիները պատկանում են հունական եկեղեցու կենտրոնին։

Եվ Ադրբեջանի այս ,հայատյաց գործողությունները պետք է կասեցնենք աշխարհով մեկ։ Ցավով պետք է արձանագրեմ. տարիներ առաջ, երբ իրենք կեղծ թեզ էին առաջ քաշում  ալբանական ժառանգության մասին հայկական տարածքներում, ցավով պետք է ասեմ, որ Ադրբեջանում ռուսական թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Ալեքսանդրը, վախենալով Ադրբեջանի քաղաքականությունից, ստիպված եղավ ասել այն, ինչ Բաքվի իշխանություն էր ասում։ Հասկանում եմ, որ իր վրա մեծ ճնշում էր գործադրվել»,- ասաց Պարգև սրբազանը։։

Տեսաուղերձի վերջում Արցախի թեմի նախկին առաջնորդը կրկին դիմել է քաղաքակիրթ աշխարհին՝ պաշտպան կանգնելու ճշմարտությանը և վերջ տալու հայկական քաղաքակրթության ոչնչացմանը, որն Ադրբեջանը շարունակում է մինչ օրս։

Leave a Comment