Ադրբեջանցի դիվերսանտի ներթափանցումը ցույց է տալիս ՀՀ արտաքին անվտանգության ողջ խափանումները. Տիգրան Աբրահամյան

Խնդրահարույց հանգամանքն այն է, որ մեկ ադրբեջանցու կողմից սահմանի հատումն, ըստ էության, ցույց է տալիս Հայաստանի արտաքին անվտանգության ողջ խափանումները՝ միասին վերցրած, որովհետև այդ ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանը հատելու համար անհրաժեշտ էր անցնել ոչ միայն հայկական մարտական դիրրքերը, այլ նաև տեսադիտարկման համակարգերի էշելոնացված համակարգը՝ այսինքն՝ մի քանի աստիճան և մուտք գործել հայկական բնակավայրեր։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով երեկ ադրբեջանցի զինված դասալիքի՝ Հայաստանում հայտնվելու լուրին։

«Հայկական բնակավայրեր մուտք գործելն այս տեսանկյունից անվտանգային առումով ցույց է տալիս ներսում անվտանգություն ապահովվող մարմինների խափանումները, որովհետև ադրբեջանցու՝ մի քանի օր ՀՀ տարածքում գտնվելը, ազատ շրջելը, հայ բնակչի տուն մտնելը… և ի վերջո նրա՝ այնտեղ գտնվելն արձանագրվել է ոչ իրավապահ մարմինների կողմից։ Սա ցույց է տալիս, որ Հայաստանում ներքին և արտաքին անվտանգություն գոյություն չունի։

Այսինքն՝ այդքան գովազդվող բունկերները, մարտական դիրքերը, տեխնիկան և այլն որևէ էական նպատակի չեն ծառայում։ Ես ուզում եմ հիշեցնել, որ պաշտոնական գնահատականներով սա ոչ թե դիվերսիոն ներթափանցման փորձ է եղել՝ պայմանականորեն հատուկ նշանակության ստորաբաժանումների կամ խորքային հետախուզության տարբեր ստորաբաժանումների կողմից, այլ ընդամենը խոսվում է ադրբեջանական կողմից դասալքության մասին։ Դա զինծառայող է, որը պարզապես մարտական հերթապահություն է կրել և որևէ կապ չունի հատուկ պատրաստություն անցնող զորատեսակների հետ»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ միայն կարելի է իրավիճակի լրջությունը պատկերացնել, եթե տեղի ունեցածը հատուկ օպերացիա լիներ՝ հատուկ խնդիրներով՝ այդ թվում՝ կրիտիկական ենթակառուցվածքներին վնաս հասցնելու նպատակով։

«Սա խնդրահարույց է նաև այն տեսանկյունից, որ 44-օրյա պատերազմից հետո՝ հատկապես Քաշաթաղի շրջանի հանձնումից հետո, երբ ՀՀ սահմանն էականորեն մեծացավ, և նոր բնագծեր դրվեցին, սա առաջին դեպքը չէ։ Հիշում եմ 2-3 տարի առաջ Սիսիանի ուղղությամբ՝ Նախիջևանի կողմից, երկու ադրբեջանցիների ներխուժումը ՀՀ տարածք։ Նրանցիցի մեկին ձերբակալեցին Կապանում։ Այսինքն՝ Հայաստանի ներսում անվտանգային սպառնալիքները չեզոքացնող որևէ լուրջ մարմին գոյություն չունի։ Այս ողջ ընթացքում պետությունը գումարներն ուղղել է ոստիկանական համակարգին, ԱԱԾ-ին, բոլոր այն մարմիններին, որոնք ապահովվում են իշխանության քաղաքական հանձնարարությունները և կենտրոնացված են ներքաղաքական մրցակիցների չեզոքացման վրա» ,- ասաց նախկին պատգամավորը։

Հարցին՝ իր կարծիքով ՀՀ իշխանությունները դիվերսանտ ադրբեջանցում կվերադարձնեն Ադրբեջանին, թե կփոխանակեն հայ գերիների հետ, Տիգրան Աբրահամյանը պատասխանեց՝ կվարվեն այնպես, ինչպես կպահանջի պաշտոնական Բաքուն։

Leave a Comment