Գորիսի և Գավառի ՏԻՄ ընտրություններին «Հայաքվե» համազգային քաղաքացիական նախաձեռնությունն առաջին անգամ ուղղակիորեն կմասնակցի ընտրությունների՝ իր կազմում գործող «Հայկական քվե» կուսակցությամբ հոկտեմբերի 25-ին կայանալիք Գորիս և Գավառ համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին, հայտարարել է նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
Ասուլիսի ուղիղ հեռարձակումն իրականացրել է Armenia Today-ի YouTube ալիքը։
Գավառում «Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի ինքնուրույն, իսկ Գորիսում՝ «Ապրելու երկիր» կուսակցության հետ «Ապրելու քվե» դաշինքի կազմում։
Գորիսում ցուցակը կգլխավորի Լևոն Արշակյանը, իսկ Գավառում՝ Հրայր Իսրայելյանը։ Չալաբյանի խոսքով՝ ուժը հանդես է գալու «երիտասարդ նոր թիմով, նոր դեմքերով ու գաղափարներով»։
«Մեր մտադրությունն է այս երկու համայնքներում էլ բերել թարմ շունչ, մաքուր ձեռքեր, և նաև իրական հանրային պատասխանատվություն մի իրավիճակում, երբ շատ հաճախ իշխանությունը տեղերում մենաշնորհված է»,- ասել է Չալաբյանը։
Նա հիշեցրել է, որ այս տարի խորհրդարանական ընտրություններին նախաձեռնությունը մասնակցել էր ոչ ուղղակիորեն՝ աջակցելով «Ուժեղ հայաստան» կուսակցությանը։
Չալաբյանի խոսքով՝ դրանից հետո նախաձեռնությունում եկել են նոր մոտեցումների անհրաժեշտության եզրակացության, իսկ հետագայում «Հայաքվեն» մտադիր է մասնակցել ընտրություններին նաև այլ համայնքներում, որտեղ ունի ձևավորված թիմեր։
«Հայկական քվե» կուսակցության վարչության նախագահ Մենուա Սողոմոնյանը նշել հայտարարել է, որ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու իրենց որոշումը հանրային պահանջ է։
Նրա պնդմամբ՝ ընտրությունների միջոցով իրենք ձգտելու են արտահայտել գործող իշխանության քաղաքականությանը դեմ արտահայտվող քաղաքացիների կամքը։
Ըստ նրա՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները ցույց են տվել, որ հայ ժողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա՝ Սողոմոնյանի բնորոշմամբ, «ադրբեջանանպաստ օրակարգին»։
«Այդ ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը և իր վարչախումբը առերեսվում է, թե՛ ժողովրդի մեջ, թե՛ երկրից դուրս միջազգային հանրության շրջանում, իր ոչ լեգիտիմությանը»,- ասել է նա։
Կուսակցության համոզմամբ՝ իրենց օգտին քվեարկելով՝ քաղաքացիները կարող են արտահայտել իրենց անհնազանդությունը գործող իշխանության վարած քաղաքականությանը և դիմադրել երկրում «ավտորիտարիզմի խորացմանը»։
Սողոմոնյանի խոսքով՝ այս երկու համայնքներում հաջողության հասնելու դեպքում իրենք նպատակ ունեն տեղերում ձևավորել «ժողովրդավարական վերահսկողության օջախներ»՝ առաջնորդելով քաղաքացիների կամքը։
Հայաստանի 46 համայնքում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ։ Դրանց թվում կլինեն այնպիսի մարզկենտրոններ, ինչպիսիք են Աշտարակը, Արտաշատը, Արմավիրը, Գավառը, Վանաձորը, Հրազդանը, Կապանը, Եղեգնաձորը և Իջևանը։
