ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերացրել է Եգիպտոսին տրամադրվող 320 մլն դոլարի ռազմական օգնության սահմանափակումը, որը նախկինում պահվել էր մարդու իրավունքների վերաբերյալ մտահոգությունների պատճառով։ Այդ մասին հայտնում է Associated Press-ը։
ԱՄՆ Պետդեպարտամենտը որոշումը հիմնավորել է Եգիպտոսի դերով Իրանի հետ հակամարտության կարգավորման գործընթացում։ Ռուբիոն նշել է, որ Կահիրեն կարևոր դեր է ունեցել Վաշինգտոնի և Թեհրանի միջև միջնորդական ջանքերում։
Պետդեպարտամենտից հայտնել են, որ մարդու իրավունքների հարցերը շարունակելու են քննարկվել ԱՄՆ-Եգիպտոս երկկողմ հարաբերությունների շրջանակում։
320 մլն դոլարը Եգիպտոսին ամեն տարի տրամադրվող մոտ 1,3 մլրդ դոլարի ամերիկյան ռազմական օգնության մի մասն է։ Այդ միջոցներով Կահիրեն կարող է ձեռք բերել ամերիկյան արտադրության ռազմական տեխնիկա։
