Հայաստանի իրավապահները Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) գործով իրավական օգնության հարցումներ են ուղարկել ԱՄՆ և Սինգապուր, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Մինչ օրս չի հայտնաբերվել հետախուզման մեջ գտնվող ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանը։ Փափազյանի նկատմամբ 2025-ի օգոստոսին քրեական վարույթ էր հարուցվել մի քանի դրվագներով, այդ թվում՝ փաստաթղթեր կեղծելու, մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման հատկանիշներով։ Նույն թվականի սեպտեմբերին նրան միջազգային հետախուզում են հայտարարել։
ԱՆԻՖ-ը հիմնադրվել էր կառավարության կողմից 2019 թվականին՝ որպես 100% պետական մասնակցությամբ ընկերություն։ Ֆոնդը նախատեսված էր խոշոր ներդրումային ծրագրերում պետության մասնակցությունն ապահովելու և մասնավոր ու օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար։ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհուրդը 2019-2023 թվականներին գլխավորել է ներկայիս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
ԱՆԻՖ-ի ամենահայտնի նախագծերից Fly Arna-ն դադարեցրել էր թռիչքները 2024-ի հունվարին։ Ավիաընկերությունը ստեղծվել էր ԱՆԻՖ-ի և ԱՄԷ-ի Air Arabia-ի համագործակցությամբ՝ որպես Հայաստանի ազգային ավիափոխադրող։ 2024-ի հուլիսին միջազգային լրատվամիջոցները հայտնել էին, որ Air Arabia-ն պատրաստվում է Հայաստանի դեմ արբիտրաժային գործընթաց սկսել Fly Arna-ի հետ կապված։
2024 թվականին կառավարությունը որոշել էր լուծարել ԱՆԻՖ-ը։ Նախքան լուծարումը պետական բյուջեից ընկերությանը տրամադրվել էր 1,7 մլրդ դրամ՝ կուտակված պարտավորությունների, այդ թվում՝ վարկերի, տոկոսների, աշխատավարձերի և այլ վճարների մարման համար։ ԱՆԻՖ-ի մի շարք ակտիվներ ու մասնակցություններ նախատեսվել էր փոխանցել պետությանը։
Կարդացեք նաև՝
Ինձ հետ կապված իրավական գործընթաց չկա և չի կարող լինել․ Ավինյանը՝ ԱՆԻՖ-ի գործի մասին
Ավինյանը պարզաբանել է ԱՆԻՖ-ի անարդյունավետության ու վատ կառավարման պատճառները
ԱՆԻՖ-ի 4 ընկերության փայերի վաճառքից 3,7 միլիարդ դրամ կփոխանցվի պետբյուջե
