Չեռնոգորիայի՝ ԵՄ-ին անդամակցությանը կարող է խանգարել լեզվական խնդիրը

Չեռնոգորիայի՝ ԵՄ-ին անդամակցությանը կարող է խանգարել լեզվական խնդիրը

Չեռնոգորիան կարող է չհասցնել ԵՄ օրենսդրության ամբողջական թարգմանությունը մինչև 2028 թվականին միությանն անդամակցելու նախատեսվող ժամկետը։ Այդ պատճառով Եվրահանձնաժողովը քննարկում է ժամանակավոր լուծումների հնարավորությունը։

Չեռնոգորիան պետք է իր պաշտոնական լեզվով թարգմանի ԵՄ իրավական ամբողջ փաթեթը, որը ներառում է տասնյակ հազարավոր իրավական ակտեր։ Սակայն Բրյուսելում մտահոգություններ կան, որ աշխատանքը նախատեսված ժամկետում ավարտել չի հաջողվի։

Euronews-ի փոխանցմամբ՝ հնարավոր տարբերակներից մեկը Չեռնոգորիային որոշ ժամանակով ԵՄ մեկ այլ պաշտոնական լեզու օգտագործելու թույլտվությունն է։ Ամենահավանական տարբերակը համարվում է խորվաթերենը, քանի որ այն սերբերենի և բոսնիերենի հետ միասին պատկանում է նույն լեզվական խմբին և փոխադարձաբար հասկանալի է չեռնոգորերենի հետ։

Սակայն այս տարբերակը կարող է քաղաքական խնդիր առաջացնել։ Չեռնոգորիան տարիներ շարունակ ձգտել է միջազգային մակարդակով ամրապնդել չեռնոգորերենի՝ որպես առանձին պաշտոնական լեզվի կարգավիճակը։ Արևմտյան Բալկաններում լեզվի հարցերը սերտորեն կապված են ազգային ինքնության հետ։

Եվրահանձնաժողովը նախկինում ևս նման բացառություններ կիրառել է։ Մասնավորապես, Մալթային և Իռլանդիային ժամանակավոր թույլատրվել է չթարգմանել ԵՄ ամբողջ օրենսդրությունը իրենց պաշտոնական լեզուներով։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment