Ադրբեջանից հայտնել են խաղաղության գործընթացի 4 ուղղությունները – armeniatoday.am

Ադրբեջանի Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի վարչության նախագահ Ֆարիդ Շաֆիևը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի չորս հիմնական ուղղությունները, փոխանցել են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Մենք ունենք չորս ուղղություն. առաջինը խաղաղության պայմանագիրն է, երկրորդը՝ սահմանազատումը, երրորդը՝ տրանսպորտային կապերը, իսկ չորրորդը՝ քաղաքացիական հասարակությունների միջև շփումները»,  նշել է Շաֆիևը։

Նրա խոսքով՝ թեև վերջերս որոշակի դժվարություններ են ծագել, այդ թվում՝ մշակութային ժառանգության հետ կապված, ընդհանուր առմամբ պահպանվել է դրական դինամիկան։

Շաֆիևը նաև ընդգծել է, որ առանց Վրաստանի անհնար է կայուն խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում։ Նրա կարծիքով՝ կարևոր է, որ տարածաշրջանի երեք երկրները քաղաքական և տնտեսական համագործակցության ընդհանուր հարթակ ձևավորեն։

Նա նաև մատնանշել է «Միջին միջանցքը» և էներգետիկ և ինտեգրացիոն գործընթացները՝ որպես տարածաշրջանի զարգացման վրա ազդող այլ կարևոր գործոններ։ Շաֆիևը հավելել է, որ էներգետիկ համագործակցությունը չի սահմանափակվում միայն ավանդական նավթով և գազով, և որ այս առումով կարևոր է նաև այլընտրանքային էներգետիկան։

Օգոստոսի 10-ին ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված Խաղաղության հռչակագրի մեկամյակի կապակցությամբ համատեղ հայտարարություն էին տարածել։

Վաշինգտոնում նույն թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ նախագահի միջնորդությամբ ստորագրել էին համատեղ հռչակագիր, որը նախատեսում է Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող TRIPP տարանցիկ երթուղու ստեղծումը՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության պահպանմամբ։

Իսկ հունիսին Հայաստանն ու ԱՄՆ-ն ստորագրել էին TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը։ Դրանով նախատեսվում է ստեղծել TRIPP զարգացման ընկերություն, որի բաժնետոմսերի 74%-ը կպատկանի ԱՄՆ-ի ստեղծած կառույցին, 26%-ը՝ Հայաստանին։

Leave a Comment