Ադրբեջանը ցանկանում է խաղաղության համաձայնագիր կնքել ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև հայ ժողովրդի հետ. Հիքմեթ Հաջիև



Ադրբեջանը ցանկանում է խաղաղության համաձայնագիր կնքել ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև հայ ժողովրդի հետ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ ելույթ ունենալով Բաքվում ընթացող CAMCA 2026 տարածաշրջանային ֆորումում, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:



Հիքմեթ Հաջիևը նշել է, որ ներկայումս տարածաշրջանում փաստացի գոյություն ունեն խաղաղություն և անվտանգություն, և դրանց պահպանումը կարևոր է Հարավային Կովկասը ավելի լայն տարածաշրջանային գործընթացների բացասական ազդեցությունից պաշտպանելու տեսանկյունից:


«Լավ լուրն այն է, որ Կովկասում կան խաղաղություն և անվտանգություն: Եթե Կովկասում ապահովված չլինեին անվտանգությունն ու խաղաղությունը, հավանաբար, մենք կբախվեինք բոլորովին այլ իրավիճակի և իրողությունների մեր տարածաշրջանում»,- նշել է Հաջիևը:


Նրա խոսքով՝ Հայաստանի հետ բազմամյա հակամարտության կարգավորումից հետո Ադրբեջանը առաջնահերթություն է համարում խաղաղության ձեռքբերումն ու դրա ամրապնդումը գործնականում:

«Մենք միշտ ասել ենք, որ հաղթել ենք պատերազմում, բայց էլ ավելի կարևոր խնդիր էր հաղթել խաղաղությունը: Դա իրոք մեծ ջանքեր պահանջող գործընթաց է: Դրա համար անհրաժեշտ էին Նախագահ Իլհամ Ալիևի ռազմավարական մտածողությունը, համբերությունն ու առաջնորդությունը»,- հավելել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment