TRIPP ծրագրի հիմնարկեքը նախատեսվում է 2027-ի սկզբին – armeniatoday.am

TRIPP ծրագրի աշխատանքների հիմնարկեքի արարողությունը նախատեսվում է 2027 թվականի սկզբին, հայտարարել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը։

«Հիմա արդեն ծրագիրը հասունացել է և հասել է գործնական իրականացման փուլ․ կարծում ենք, մյուս տարվա սկզբին հնարավոր կլինի արդեն հիմնարկեքի արարողությունը»,- նշել է նա։

Դեսպանի խոսքով՝ ամերիկյան AECOM ընկերությունն իրականացնում է ծրագրի բազմաշերտ ուսումնասիրություն, որի արդյունքներն ու գնահատումը կամփոփվեն առաջիկա 1-2 ամսվա ընթացքում:

Ավարտվել են ամերիկյան ֆինանսական կառույցների հետ բոլոր ֆորմալ մասերը, այդ թվում՝ TRIPP Development Company-ի գրանցումը։ Ծրագրի շուրջ Երևանի և Վաշինգտոնի միջև անցկացվել են բազմաթիվ միջգերատեսչական հանդիպումներ ու փոխայցելություններ, պատմել է դեսպանը։

Ուսումնասիրության ամփոփումից և նախագծանախահաշվային փաստաթղթերի հաստատումից հետո ծրագիրը վերջնականապես կանցնի շինարարական աշխատանքների փուլին, տեղեկացրել է նա։

TRIPP տրանսպորտային երթուղի ստեղծելու մասին հռչակագիրը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ ստորագրել էին օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնում: Հունվարի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ստորագրել էին TRIPP նախագծի իրականացման մասին հռչակագիրը:

Նախաձեռնության իրականացման համար կստեղծվի TRIPP զարգացման ընկերությունը, որտեղ բաժնետոմսերի 74%-ը կստանա ԱՄՆ-ն՝ նախնական ներդրումների դիմաց, իսկ 26%-ը՝ Հայաստանը:

Leave a Comment