Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ (PAN.am)

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը գլխավորելու է եկեղեցում առկա, այսպես կոչված, ճգնաժամն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը։ Այդ մասին հայտնել է ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը, տեղեկացնում է Factor.am-ը:

ՔՊ-ն նախատեսել է հանձնաժողովի աշխատանքները սկսել հաջորդ շաբաթվանից։ Այն կազմված է լինելու 11 անդամից, որոնցից 7-ը ներկայացնելու են ՔՊ-ն, իսկ չորսը՝ ընդդիմությունը։

Նշվել է, որ հանձնաժողովի ուսումնասիրության հիմքում դրվելու է վարչապետի աշխատակազմի հեղինակած զեկույցը, որում ներկայացվել է եկեղեցում առաջացած, այսպես կոչված, ճգնաժամը։

Հրապարակվել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը: Նշվում է, որ զեկույցի պատրաստումը բխում է ՀՀ կառավարության 2026–2031 թթ. ծրագրից և պատրաստվել է ՀՀ վարչապետի հանձնարարությամբ: Զեկույցը պատրաստվել է «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։

Որպես առաջին քայլ առաջարկվում է Բարենորոգման համակարգող խմբի ձևավորում՝ հոգևորականների և աշխարհականների մասնակցությամբ, և դրա կազմի ընդլայնման ընթացակարգի հրապարակում, որպես երկրորդ քայլ՝ ՀԱԵ «փաստացի պետի հեռացում»:

Leave a Comment