Անհաջող մահափորձից հետո Փայքը կյանքը փրկող բուժօգնություն է ստանում

Անհաջող մահափորձից հետո Փայքը կյանքը փրկող բուժօգնություն է ստանում

Քրիստա Փայքն անհաջող մահափորձից հետո գտնվում է ծանր վիճակում և Նեշվիլի հիվանդանոցում ստանում է «կյանք փրկող բժշկական օգնություն». հայտնել են նրա փաստաբանները։

Հիշեցնենք՝ 50-ամյա Փայքը մահապատժի էր դատապարտվել 1990-ականներին՝ դեռահաս տարիքում կատարած սպանության համար մեղավոր ճանաչվելուց հետո։ Չորեքշաբթի օրը Ռիվերբենդի խիստ ռեժիմի քրեակատարողական հիմնարկում նրա մահապատժի իրականացումը ձախողվել է։ Սա այս տարի Թենեսիում մահապատժի իրականացման երկրորդ անհաջող դեպքն է։

«Քրիստան ողջ է»,- լրագրողներին հայտնել է Փայքի փաստաբաններից Ռենդալ Սփիվին, որը ներկա է եղել մահապատժի փորձին։ Նրա խոսքով՝ այս պահին փաստաբանները Փայքի առողջական վիճակի վերաբերյալ այլ տեղեկություններ չունեն, սակայն հաստատ գիտեն, որ նա ողջ է։

Փայքի փաստաբանները կրկին կոչ են արել նրա մահապատժի դատավճիռը փոխարինել ցմահ ազատազրկմամբ՝ տեղի ունեցածը բնորոշելով որպես «քիմիական խոշտանգում»։

Թենեսիում մինչև տարեվերջ կասեցվել են մահապատժի բոլոր իրականացումները՝ միջադեպի հանգամանքները հետաքննելու նպատակով։

Մահացու ներարկման անհաջող փորձերը հազվադեպ չեն։ Սովորաբար խնդիրներն առաջանում են առաջին փուլում՝ մահապատժի ենթակա անձի մարմնում ներերակային կատետեր տեղադրելիս։ Փայքի դեպքը, սակայն, առանձնանում է նրանով, որ, ըստ Սփիվիի, բանտի աշխատակիցներին, ամենայն հավանականությամբ, հաջողվել է երկու ներարկիչների միջոցով դեղամիջոցները ներարկել նրա օրգանիզմ։ Դրանից հետո նրա աջ ձեռքը «կապտել է», իսկ ներարկման հատվածներում մաշկի վրա բշտիկներ են առաջացել։

Leave a Comment