Աշխարհի տարբեր երկրներից ավելի քան 200 հյուր է ժամանել Հայաստան՝ մասնակցելու Սառա-Մեյի և Գեորգիի եռօրյա հարսանիքին, որը զույգը կազմակերպել էր որպես ծանոթություն հայկական մշակույթին և փեսայի ընտանեկան արմատներին։ Տոնակատարության պատմությունը հրապարակել է Vogue France-ը։
Գեորգին հայկական արմատներ ունի, իսկ Սառա-Մեյը՝ վիետնամական, կամբոջական և չինական։ Զույգը Vogue-ին պատմել է, որ գիտակցաբար է ընտրել Հայաստանը հարսանիքի համար․ իրենց համար կարևոր էր այստեղ հավաքել հարազատներին և նրանց ներկայացնել երկիրը, դրա պատմությունն ու մշակույթը։
Ծրագիրը սկսվել է Գառնիի տաճար և Գեղարդի վանական համալիր այցով։ Գեղարդում հյուրերի համար հանդես է եկել հայկական երգչախումբ, որից հետո Երևանում տեղի է ունեցել ողջույնի ընթրիք՝ ավանդական հայկական երաժշտության ներքո։
Հիմնական արարողությունն անցել է Հայ առաքելական եկեղեցու ծիսակարգով՝ Երևանի Սուրբ Աննա եկեղեցում։ Հարսնացուն ընտրել էր փարիզյան դիզայներ Անտուան Գերենի ստեղծած ժանյակավոր զգեստը։
Զույգի պատմության մեջ առանձնահատուկ տեղ ունի Շառլ Ազնավուրը։ Գեորգին Լոնդոնում Սառա-Մեյին ամուսնության առաջարկ է արել ֆրանսիացի շանսոնյեի She երգի ներքո՝ կատարելով այն ֆրանսերենով։
Հայաստանում նորապսակները մնացել են Grand Hotel Yerevan հյուրանոցի Aznavour համարում, որտեղ, Vogue-ի տվյալներով, երգիչը սովորաբար մնում էր Հայաստան այցելելիս։
Հարսանյաց խնջույքից առաջ զույգն այցելել է Երևանի օպերայի և բալետի թատրոն։ Սառա-Մեյի համար այս վայրը կապված է հայկական մշակույթին իր առաջին ծանոթության հետ․ 2019 թվականին Գեորգին նրան այնտեղ էր տարել Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետին։
«Ես սիրահարվեցի և՛ բուն շենքին, և՛ այն ամենին, ինչ այն ներկայացնում է Հայաստանի մշակութային կյանքում։ Մեր հարսանիքի օրն այնտեղ վերադառնալը ինձ այնպիսի զգացում տվեց, ասես հանգիստ վերադառնում եմ Հայաստանի հետ իմ սեփական հարաբերությունների սկզբին՝ մի երկրի, որն ամեն այցելությանս հետ ավելի ու ավելի է դառնում իմ երկրորդ հայրենիքը»,- Vogue-ին պատմել է նա։
Հարսանեկան տոնակատարությունը շարունակվել է Սասունիկում՝ Armenia Wine-ի խաղողի այգիներում։ Նորապսակների առաջին պարը հնչել է Միշել Պոլնարեֆի Love Me, Please Love Me երգի ներքո, տորթը կտրելու ըթնացքում հնչել է Voyage, Voyage-ը, իսկ երեկոյան հնչել են Ազնավուրի երգերը։
Ծրագիրն ավարտվել է հայ հարսի ավանդական պարով, որը Սառա-Մեյը հատուկ սովորել էր՝ ի նշան ամուսնու հայկական արմատների նկատմամբ հարգանքի։
Վերջին տարիներին Հայաստանը դառնում է միջազգային մշակութային և մասնավոր միջոցառումների, այդ թվում՝ տարբեր երկրներից հյուրերի մասնակցությամբ հարսանիքների վայր։ Vogue-ի հրապարակման մեջ երկրի ընտրությունը դիտարկվում է որպես հնարավորություն զույգի համար՝ մտերիմներին ծանոթացնելու Գեորգիի հայկական ժառանգությանը։
